Հերթական անգամ վաճառքի են հանվել Մոհամեդ Ալիի բռնցքամարտի ձեռնոցները
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մոհամմեդ Ալիի բռնցքամարտի ձեռնոցները հանվել են աճուրդի: Ալին դրանցով առաջին անգամ պաշտպանել է չեմպիոնական իր տիտղոսը:
Աճուրդն անցկացվելու է փետրվարի 21-ին, Նյու Յորքում` Heritage Auctions աճուրդի տանը: Ակնկալվում է, որ ձեռնոցները կվաճառվեն ավելի քան մեկ միլիոն դոլարով: Ծանր քաշային կարգում հանդես եկող Ալին, ով այն ժամանակ կրում էր Կասիուս Կլեյ անունը, 1965 թվականի մայիսի 25-ին այդ ձեռնոցներով հաղթանակ է տարել Սոնի Լիստոնի հետ մենամարտում:
Ալին առաջին փուլում գրեթե աննկատ հարվածով, որը հետագայում որակեցին ուրվականային, նոկաուտի ենթարկեց իր մրցակցին: Լիստոնը ռինգում մնաց 17 վայրկյան:
Նախորդ տարվա օգոստոսին էլ Քլիվլենդում կազմակերպված աճուրդի ժամանակ 388.300 դոլարով վաճառվել էին Ալիի բռնցքամարտի ձեռնոցները, որոնցով նա հանդես է եկել Ջո Ֆրեյզերի հետ «դարի երեք մենամարտերից» մեկում:
Նույն թվականի փետրվարին էլ աճուրդի ժամանակ 836.500 դոլարով վաճառվել էին Ալիի այն ձեռնոցները, որոնցով նա իր կարիերայի ժամանակ առաջին անգամ ծանր քաշային կարգով դարձավ աշխարհի չեմպիոն:
Մոհամեդ Ալին հանդիսանում է 1960 թվականի օլիմպիական չեմպիոն, ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978) և հինգ անգամ ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ»: Իր մարզական կարիերայի ընթացքում Ալիի հաշվին գրանցված է 61 մարտ, որոնցից 56-ում նա հաղթել է՝ դրանցից 37-ը նոկաուտով: