«Մոսկվան պետք է հասկանա, որ տականքածին մի եղերագործի պատճառով չարժե ստորացվածության զգացում ներշնչել իրապես դաշնակից մի ամբողջ ժողովրդի»

Հարցազրույց Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա.Մարտիրոսյանի (Նյու Յորք) հետ

– Հայաստանի անվտանգությունը, որի համար, ըստ հայ պաշտոնյաների, ՀՀ նախագահը որոշում կայացրեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, հայտնվել է խոցելի վիճակում՝ առավել քան երբևէ: Տարին սկսվեց հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում աննախադեպ լարվածությամբ, ապա այն կառույցի ներկայացուցիչը, որը կոչված է ՀՀ ԶՈՒ-ի հետ ապահովելու ՀՀ անվտանգությունը, խախտեց Գյումրիի խաղաղ բնակչության անվտանգությունը` վերացնելով մի ողջ ընտանիքի: Ըստ Ձեզ` այսօր ո՞ւմ է ձեռնտու լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում, և հավատո՞ւմ եք արդյոք Գյումրիի սպանության շուրջ առկա դավադրության տեսություններին:

– Դավադրությունների տեսություններին չեմ հավատում: Գոնե այն տեսքով` ինչպիսին դրանք հայտնվում են համաշխարհային և հատկապես ռուսական կամ հետխորհրդային երկրների մամուլի էջերում կամ եթերում: Դրանց մեծ մասն աղբ է` ծնված խիստ սահմանափակ ինտելեկտ և թերթային գիտելիքներ ունեցող մարդկանց գլուխներում: Այդպիսիք հատկապես շատ են ռուսական մեդիադաշտում:

Անշուշտ, համաշխարհային քաղաքականությունում կամ ներպետական գործերում կան բազում հանգամանքներ և օրակարգեր, որոնք պետությունների կամ դրանց որոշակի խավերի կողմից կեղծվում են և որոնք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում: Սակայն դա այլ խնդիր է: Արևմուտքում շատերն անգամ այդ գաղափարներն են համարում դավադրության տեսություն, և այստեղ իմ կարծիքն արդեն այլ է: Ինչ վերաբերում է Պերմյակովի դեպքին, ապա, իմ կարծիքով` բոլոր դավադրության տեսություններն անհեթեթ են` բացի մեկից. իմ համոզմամբ` ոճրագործությունը պատվիրատու ունի, և այդ պատվիրատուն Ադրբեջանը կամ նրա ավագ դաշնակիցն են կամ՝ երկուսը միասին:

Եվ դա խելամիտ բացատրություն ունի: Շրջանառվող մնացած տեսությունները, թե Ռուսաստանն է կանգնած դրա հետևում, որպեսզի իր բազան դուրս բերի Հայաստանից, մեղմ ասած, խիստ անհեթեթ եմ համարում: Կատարվածի հետևում ամերիկյան հետք տեսնելու տեսությունը մեկ այլ ցնդաբանություն է, որ հրապարակ են նետում խիստ էքսցենտրիկ «վերլուծաբանները», ինչպես, ասենք, Կիսելյովը: Ադրբեջանական վարկածը, իր հերթին՝ վկայում է մի բանի մասին. Հայաստանի տարածքում կատարվել է լրջագույն ահաբեկչական գործողություն: Եվ նաև սա է պատճառը, որ կասկածյալը պետք է հանձնվի Հայաստանին:

– Դմիտրի Պեսկովն օրերս անդրադառնալով Գյումրիի ողբերգությանը՝ հայտարարեց, որ հանցագործության մեղադրյալը ՌԴ քաղաքացի է, ուստի կգործեն ՌԴ օրենքներ և ռուսաստանյան դատավարություն: ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված 97 թվականի պայմանագիրը երկակի մեկնաբանությունների տեղիք է տալիս, այսինքն` կողմերը կարող են որոշել՝ որ երկրի դատական ատյաններին հանձնել քննությունը: Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը, որ ռուսական կողմը չի գնում զիջումների, ինչն էլ հակառուսականության ալիք է բարձրացրել երկրում:

– Յուրաքանչյուր պայմանագիր, յուրաքանչյուր օրենք, յուրաքանչյուր սահմանադրություն անգամ առանձնակի, հատուկ դեպքերում՝ նույն իրավաբանները կարող են մեկնաբանել ամենատարբեր կողմերից և անկյուններից: Նույնն է և այս պարագան: Սակայն խնդիրն այն է, որ իրական քաղաքականության աշխարհում այդ մեկնաբանությունները որոշվում են միայն քաղաքական գործիչների կողմից և հանձնարարվում իրավաբաններին` ձեռնտու տեսանկյունից մեկնաբանելու համար: Գյումրիի դեպքը դրա լավագույն վկայությունն է: Պեսկովը փոխանցում է Ռուսաստանի ղեկավարի խոսքերը և որոշումը:

Եվ նման որոշման պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ցանկանում է ցույց տալ իր ուժն ու հավատարմությունը սեփական քաղաքացիներին, որ անգամ ոճրագործին պատրաստ է անձամբ պատժել, բայց չհանձնել որևէ այլ կողմի, որ դրսում տեղակայված սեփական զինվորը վստահ լինի, որ իր թիկունքին ամեն դեպքում հզոր պետություն է կանգնած: Սակայն այդ քայլը վկայություն է նաև այն բանի, որ Հայաստանը չի վայելում համապատասխան հարգանք իր ավագ դաշնակցի կողմից և չունի որևէ իրական արժեք նրա համար: Հակառակ պարագայում չեմ բացառում, որ ընդունվեր մի քաղաքական որոշում, որով և՛ կպաշտպանվեր սեփական սահմանադրությունը, և՛ կհարգվեր դաշնակցի սուվերենությունը: Եվ դրանից դասեր է պետք քաղել:

Ադրբեջանցի դիվերսանտի առումով կատարված ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, եթե այն իրականում տեղի է ունեցել, նույն համածիրում պետք է դիտարկել, որքան էլ որ այն շոկային լինի: Իր հերթին` Հայաստանը պարտավոր է, ընդգծում եմ` պարտավոր է այնպես անել, որպեսզի արդեն դատապարտված դիվերսանտը, որ իրականում ահաբեկիչ է, երբևէ ոչ միայն Ռուսաստանին, այլև` Ադրբեջանին չհանձնվի: Անգամ, երբ կրի իրեն տարօրինակորեն քիչ նշանակված քսաներկուամյա պատիժը:

– Գյումրիում տեղի ունեցածով պայմանավորված` 102-րդ ռազմաբազայից հրաժարվելու կոչեր են հնչում: Պե՞տք է, ըստ Ձեզ, հրաժարվել ռազմաբազայից և արդյո՞ք հնարավոր կլինի դրանից հրաժարվել:

– Պատկերացնենք մի իրավիճակ, որի պայմաններում այդ ռազմաբազան դուրս է գալիս Հայաստանից: Երկրի անվտանգությունը դրանից կշահի՞, թե՞ կտուժի: Այս հարցին է պետք պատասխանել, և պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է: ԱՄՆ-ը լրջագույն բազաներ ունի Հարավային Կորեայում: Ընդ որում` Հյուսիսայինի հետ հնարավոր պատերազմն ամենևին ԱՄՆ-ի այսօրվա հետաքրքրությունների շրջանակում չէ: Չնայած դրան` Հարավում ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին անգամ չեն շշնջում: Քիչ այլ տարբերությամբ, սակայն նույնն է գրեթե նաև իրավիճակը Ճապոնիայում: Լավ օրից չէ, որ անվանականորեն սուվերեն պետությունն իր տարածքում այլ երկրի ռազմաբազա է թույլատրում: Դա, անշուշտ, թուլության նշան է: Սակայն այդ նշանը վերացնելով` թուլությունն ինքը չի վերանում:

Ընդհակառակը` հաճախ ավելի է խորանում: Այլ հարց է, որ բազան, նրա ղեկավարությունը և Կրեմլն ընդհանրապես պետք է հասկանան, որ հարգել է պետք իրենց կրտսեր դաշնակցի սուվերենությունն, ու տականքածին մի եղերագործի պատճառով չարժե ստորացվածության զգացում ներշնչել իրապես բարեկամ և իրապես դաշնակից մի ամբողջ ժողովրդի: Ոճրագործության և բազայի գոյության հարցերը բոլորովին տարբեր ոլորտներից են և իրար չեն հատվում:

– Ամերիկյան Stratfor հետազոտական կենտրոնի փորձագետները կանխատեսել էին, որ 2015-ին Ադրբեջանը կփորձի փոխել Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն՝ առաջնագծում ռազմական առավել մեծ ակտիվություն դրսևորելով, քանի որ Ռուսաստանը զբաղված է աշխարհաքաղաքական այլ խնդիրներով: Ըստ Ձեզ՝ պե՞տք է սպասել լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

– Չէի ուզենա մեկնաբանել որևէ թինք-թենքի, այդ թվում և՝ Stratfor-ի որևէ հետազոտություն, սակայն այն, որ Ադրբեջանը տենչում է պատերազմ, կարծում եմ՝ այլևս նկատելի է անգամ ոչ մասնագետներին: Դա կապ չունի սակայն Ռուսաստանի դրության հետ: Պատճառները բազում են, բայց եթե փորձենք արծարծել տարածաշրջանային հանգամանքը միայն, ապա Թուրքիայի աննախադեպ հզորացումն Էրդողանի իշխանության ներքո և Իսլամական թաքֆիրիզմի վերելքը տարածաշրջանում Ալիևի վարչախմբի համար նոր հորիզոններ է բացում:

Չպետք է մոռանալ նաև Հյուսիսային Կովկասի ամբողջական իսլամականացումը` ներառյալ Ստավրոպոլի երկրամասը և Վրաստանի աստիճանական, սակայն հետևողական թրքացումը: Դրանք գործոններ են, որոնց մասին Հայաստանում որևէ մեկը երբեք չի խոսում, որոնք, սակայն, կան, իրական են և անխուսափելի: Միաժամանակ` Բաքուն պրակտիկորեն գնել է Արևմտյան բոլոր հնարավոր և անհնար ազդեցության լծակները, լոբբիստական լրջագույն և ծանրակշիռ խմբավորումներ է կազմավորել միջազգային ատյաններում, որ Հայաստանում գավառայնորեն «խավիարային դիվանագիտություն» են կոչում:

Որպես պետություն` Ադրբեջանի լոբբինգին այսօր մրցակից է միայն Քաթարինը և այդ համեմատությունն արդեն բավական խոսուն է ինքնին: Ադրբեջանը, Օսմանյան Թուրքիայի պես, իր աստեղային ժամին է պատրաստվում և սպասում: Ցեղասպան երիտթուրքերի համար դա համաշխարհային քաոսն էր, որ սկսվեց 1914-ին, իսկ Ադրբեջանը դեռևս սպասում է իր 1915-ին: Այդ պահը վաղ թե ուշ գալու է: Քանի որ թշնամու հարձակումը միայն ժամանակի հարց է, ապա Հայաստանի միակ խնդիրն է այդ պահից հաղթական դուրս գալը, որովհետև այլընտրանք երկիրն այլևս չի ունենալու, իսկ ռազմի դաշտում մարտահրավերները միայն հակառակորդի բանակը չէ, որ լինելու են:

– ՌԴ իշխանությունները, փորձագիտական հանրության ներկայացուցիչները հնարավոր բոլոր առիթներով խոսում են Հայաստանի անվտանգության ռուսական երաշխիքների մասին, պարզ, հասկանալի են դարձնում այն, որ ՌԴ-ն էապես չի աջակցելու Հայաստանին հնարավոր պատերազմի դեպքում: Հայաստանն այլ երաշխավորներ չունի, բացի ՀՀ ԶՈՒ-ից: Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում անվտանգության այս բացի լրացման համար:

– ՌԴ իշխանությունների և փորձագետների կարծիքներն այս հարցում ինձ համար որևէ արժեք չունեն, և այդպես պետք է լինի ոչ միայն ինձ համար: Ասեմ, թե ինչու: ՌԴ-ում ամեն բան որոշում է երկու հոգուց բաղկացած մի փոքրիկ ակումբ: Իսկ թե ինչպես ճգնաժամի պահին կորոշի գործել այդ «ակումբը»` պարզ կլինի միայն այդ նույն ճգնաժամի պահին: Կանխագուշակություններ անելն այս հարցում խիստ անշնորհակալ գործ է: Կարող եմ կռահել միայն, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ողջ ծանրությունը կընկնի միայն ու միայն հայկական ռազմուժի վրա, իհարկե, ռուսական մատակարարումներով:

Հայաստանի սահմանամերձ շրջանների կորստի պարագայում Ռուսաստանը կնախապատրաստվի միջամտության, իսկ արդեն Հայաստանի ներքին շրջաններին սպառնացող վտանգի պայմաններում միայն ակտիվորեն կարող է միջամտել, ընդ որում, ոչ թե կամ ոչ միայն ռազմական առումով, այլ գուցեև միայն դիվանագիտական հուժկու ճնշմամբ:

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը նույնպես իր ռազմավարական դաշնակիցն է, որ, իհարկե, անտրամաբանական է և տարօրինակ, բայց փաստ է: Փաստ, որի հետ պետք է հաշվի նստել և նկատի ունենալ: Եվ ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ ԼՂ-ի համար մարտերում ռուսական ռազմական միջամտություն լինի: Ավելի շուտ` դա բացառում եմ: Բուն ՀՀ-ն այլ խնդիր է:

Այստեղ տարածաշրջանային լրջագույն շահեր կան: Եվ այդ շահերը՝ ելնելով փարիզյան վերջին իրադարձություններից, պետք է որ սկսեն հասկանալ և եվրոպական պետությունները: Ռուսաստանին ռազմական առումով այլընտրանք, իհարկե, Հայաստանը չունի, սակայն առավել նեղ իմաստներով և ոլորտներով պետք է դաշնակիցներ փնտրել ոչ միայն տարածաշրջանում, այլև` նրանից բավական հեռու: Սիրիական պատերազմն ու իրաքյան քաոսն անհանգստություն են առաջացրել այդ տարածաշրջանից շատ ու շատ հեռու` Նիգերիայից՝ Եթովպիա, Չինաստանից՝ Բիրմա:

Պետք է համախոհներ փնտրել այնպիսի երկրներում, որոնք հեռանկարում նույնպիսի վտանգների կարող են բախվել` ինչպիսին Հայաստանը. Սերբիա, Եթովպիա, Հնդկաստան, Չինաստան, Մյանմար, լատինաամերիկյան մի շարք երկրներ և այլն, որոնք թեև այլ մարտահրավերներ ունեն, սակայն ավելի շուտ կհամակրեն Հայաստանին, քան Ադրբեջանին: Պետք է դաշնակիցներ փնտրել այն սկզբունքով, համաձայն որի՝ դրանք կգտնվեն միայն Սաուդյան Արաբիայից և Թուրքիայից եկող միջնորդավորված սպառնալիքների ենթակա երկրների շարքում: Դրանցից մի քանիսն արդեն թվարկեցի: Այս ուղղությամբ է, որ որևէ աշխատանք ընդհանրապես ես չեմ տեսնում: Եվ չեմ տեսնում, որովհետև վստահ եմ, որ պաշտոնական Երևանն այդ գաղափարներին, այդ երկրներին մոտենում է մեծամտաբար կամ քմծիծաղով՝ դրանք համարելով հեռավոր, անկարևոր և անլուրջ նախագծեր: Մինչդեռ պատմությունն ու միջազգային փորձն այլ բան են ցույց տալիս: Սակայն դա երկար թեմա է, որ այստեղ քննարկել, կարծում եմ՝ չարժե:

– Էրդողանը հայտարարեց, որ ապրիլի 24-ին Թուրքիա է հրավիրելու աշխարհի տարբեր երկրների առաջնորդների՝ նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Չանաքքալեի (Դարդանելի) ճակատամարտի 100-ամյա տարելիցը: Սերժ Սարգսյանը ևս հրավիրվել է: Ս. Սարգսյանը պատասխանեց հրավերին: Պարոն Մարտիրոսյան, Ցեղասպանության 100-ամյակի տարելիցն է, այն մեզ ներկայացվում էր չափազանցված, հզոր գործողությունների տարի, երբ Թուրքիան նման, ոմանց կարծիքով` ցինիկ, ոմանց կարծիքով՝ դիվանագիտական քայլով է հանդես գալիս: Ի՞նչ ուղերձ էր Էրդողանի այս հայտարարությունը Հայաստանի համար, և ինչպե՞ս եք գնահատում հայկական դիվանագիտական ու նախապատրաստական աշխատանքներն ապրիլի 24-ին ընդառաջ:

– Էրդողանի քայլը թուրքական դիվանագիտությանը հատուկ քայլ էր: Միաժամանակ դա ցինիկ և վիրավորական քայլ էր: Վիրավորական՝ ոչ միայն հայերի, այլև` ընդհանրապես քաղաքակիրթ հասարակությունների համար: Սակայն դա առաջին կամ ամենամեծ ցինիզմը կամ հակաքաղաքակրթական քայլը չէ, որ կատարում է հակառակորդ կողմը, և սպասել նման բան` լիովին տրամաբանական էր: Խնդիրն այն է, որ հայկական կողմի գործողությունները, գոնե մինչև հիմա, գոնե ինձ համար՝ որպես համաշխարհային մեգապոլիսի բնակչի, բոլորովին աներևույթ են, եթե ընդհանրապես այդպիսիք կատարվում են: Այս խնդրին ես մոտենում եմ քիչ թե շատ հետաքրքրված ամերիկացիների տեսանկյունից, այլ ոչ` երևանցիների, որոնցից ոմանց թվում է, թե աշխարհը սկսվում է Արգավանդի մատույցներում և ավարտվում Ծիծեռնակաբերդի բլրում: Գալիպոլիի ճակատամարտը հայտնի իրադարձություն է, իսկ Թուրքիայի կողմից դրա հարյուրամյակի նշումն արդեն տեսանելի է Նյու Յորքում: Հայկական ցեղասպանության հարյուրամյակի մասին, սակայն, որևէ ամերիկացի, եթե հատուկ չի զբաղվում այդ խնդրով կամ որևէ հայի չի ճանաչում, այս ափերում անգամ չի էլ լսել: Չեմ ուզում քննադատանքի խոսքեր հնչեցնել, սակայն, եթե դիվանագիտորեն արտահայտվեմ` շատ ավելին կարելի էր անել, քան արվել է:

Տեսանյութեր

Լրահոս