2014 թվականի արդյունքներով կրկնապատկվել են Apple-ի ղեկավարի եկամուտները
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը 2014 թվականին վաստակել է մոտ 9.22 միլիոն դոլար, ինչը կրկնակի գերազանցում է 2013 թվականին նրա ստացած եկամուտը: Այս մասին նշված է ԱՄՆ բորսաների ու արժեթղթերի հանձնաժողովի կայքում տեղ գտած փաստաթղթերում:
2014 թվականի արդյունքներով՝ Կուկի աշխատավարձը կազմել է 1.75 միլիոն դոլար, բոնուսները՝ 6.7 միլիոն դոլար, այլ մուտքերը՝ ավելի քան 774.000 դոլար: 2013 թվականի համեմատ Կուկը նախորդ տարի վաստակել է 117 տոկոսով ավելի մեծ գումար:
Կուկի եկամուտների մեծացումը բացատրվում է նրանով, որ Apple-ը նրա ղեկավարությամբ նախորդ տարվա աշնանը ներկայացրեց iPhone 6 և iPhone 6 Plus նոր սմարթֆոնները, հերթական սերնդի iPad-ը, հայտարարեց Apple Watch ժամացույցի ու Apple Pay վճարային համակարգի մասին:
Դրա հաշվին նոյեմբերին ընկերության բաժնետոմսերը հասան ռեկորդային ցուցանիշի՝ 119.75 դոլար, իսկ Apple-ի կապիտալացումը գերազանցեց 700 միլիարդ դոլարի սահմանագիծը, ինչը չի հաջողվել ամերիկյան որևէ ընկերության:
Apple-ը 2014 ֆինանսական տարին փակել է 39.5 միլիարդ դոլարի մաքուր շահույթով: 2013 թվականին այն կազմել է 37 միլիարդ դոլար: Մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ Apple-ն ապագայում կարող է դառնալ մեկ տրիլիոն դոլարի կապիտալացում ունեցող առաջին ընկերությունը: