Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյան. «ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունը վաղաժամ է». armtimes.com

armtimes.com-ը տարածել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում ասված է.

«Երեկ՝ «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» վերնագրով խորհրդարանական լսումների ժամանակ մենք ստացանք շատ կարեւոր երկու հարցի պաշտոնական պատասխաններ: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, իմ հարցերին ի պատասխան, հաստատեց երկու հանգամանք.

1. Հայ-թուրքական սահմանը հսկող ռուս սահմանապահները պարտավոր են սահմանի խախտման փորձի եւ սահմանի խախտման փորձ կատարած անձի բերման ենթարկվելու վերաբերյալ տեղյակ պահել Հայաստանի իրավապահ մարմիններին:

2. Ռուս սահմանապահները պարտավոր են Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ կատարած անձին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին:

Այս պարտավորությունները սահմանված են հայ-ռուսական միջպետական պայմանագրերով: Ինչպես գիտեք, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանդի թիվ 1 կասկածյալ Վալերի Պերմյակովին հայտնաբերել եւ ձերբակալել են ռուս սահմանապահները՝ հայ-թուրքական պետական սահմանի Բայանդուր գյուղի մերձակա հատվածում սահմանը հատելու փորձ կատարելիս: Սահմանապահները, հատուկ ուշադրություն դարձրեք, Պերմյակովին արգելանքի տակ վերցրել են ոչ թե ռուսական 102-րդ ռազմական բազայի տարածքը ինքնակամ լքելու, ոչ թե Ավետիսյանների ընտանիքի սպանդը իրականացնելու, այլ հայ-թուրքական պետական սահմանը ապօրինի կերպով հատելու կասկածանքով եւ այդ մասին նշված է նաեւ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայության՝ ս/թ հունվարի 13-ի տարածած հաղորդագրության մեջ: Եւ ուրեմն, այսպիսի հանգամանքներում ձերբակալված որեւէ անձի, այդ թվում՝ Վալերի Պերմյակովին, ռուս սահմանապահները կարող էին հանձնել միայն ու միայն Հայաստանի համապատասխան պետական մարմնին, այսինքն՝ Ազգային անվտանգության ծառայությանը:

Հիմա անդրադառնանք այն հարցին, թե Պերմյակովի՝ ռուսական 102-րդ ռազմական բազայի ծառայող լինելը որքանո՞վ կարող էր փոխել այս իրավական դրությունը: Այս հարցին պատասխանեց ինքը՝ Գեւորգ Կոստանյանը՝ ասելով, որ ռուսական 102-րդ ռազմաբազան, նրա ծառայողները եւ Հայաստանում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները եւ սահմանապահ ծառայությունը բոլորովին տարբեր իրավական կարգավիճակներ ունեն: Այսինքն՝ սահմանապահների կողմից Պերմյակովին հայտնաբերելը, ձերբակալությունը չէր կարող դիտարկվել որպես սահմանապահ ծառայության ներքին հարց, որովհետեւ Պերմյակովը սահմանապահ ծառայության զինվոր չէ, եւ ուրեմն՝ նա ուներ նույն կարգավիճակը, ինչ սահմանի ապօրինի հատման փորձ անող յուրաքանչյուր ոք: Էլ չենք ասում, որ հայտնաբերվելու պահին Պերմյակովը եղել է քաղաքացիական հագուստով եւ առանց փաստաթղթի: Նա ինքն է հայտարարել, որ ռուսական 102-րդ ռազմական բազայի ծառայող Պերմյակովն է, ու նրան տարել են ռուսական ռազմաբազա: Սա ինքնին անհասկանալի գործողություն է: Եթե հայտարարեր, թե ԱՄՆ դեսպանատան աշխատող Քոլին Սմիթն է, նրան ի՞նչ, տանելու էին ԱՄՆ դեսպանատո՞ւն:  Իհարկե ոչ. հանձնելու էին ՀՀ ԱԱԾ-ին, որն էլ պիտի որոշեր նրա հետագա ճակատագիրը: Սահմանապահների կողմից Պերմյակովին հայտնաբերելու պահից նրա հետագա ճակատագրի հետ կապված հարցերը կարող էին լուծել միայն ու միայն Հայաստանի իրավասու մարմինները: Ուրիշ ոչ ոք, եւ այստեղ Պերմյակովի ազգությունը, քաղաքացիությունը, ծառայությունը ոչ մի կապ չունեն՝ մանավանդ, որ նրա մոտ ոչ մի փաստաթուղթ չի եղել…»:

Ամբողությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս