Զվարթ Սուջյանը դատի է տվել Թուրքիային՝ վերստանալու համար իր ընտանեկան կալվածքը՝ Դիարբեքիրի օդանավակայանը
Հայերը հազարավոր միջոցառումներ են կազմակերպում ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման համար:
Այդ իրադարձությունների նպատակն է աշխարհին հիշեցնել Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թթ. իրականացված զանգվածային վայրագությունների մասին, այն ակնկալիքով, որ միջազգային հանրությունը կստիպի Թուրքիայի կառավարությանը առերեսվելու իր նողկալի անցյալի հետ և վերականգնելու ցեղասպանության ժառանգների իրավունքները:
Սակայն, գոյություն ունի ավելի արագ և արդյունավետ ճանապարհ այդ վեհ նպատակին հասնելու համար՝ դատական հայցը: Վերջին տարիներին մի քանի ամերիկահայ փաստաբաններ որոշակի հաջողությունների են հասել՝ համատեղ հայցեր ներկայացնելով ընդդեմ ապահովագրական ընկերությունների ԱՄՆ դաշնային դատարաններում: Այլ տարբեր հայցեր դեռևս ընթացքի մեջ են:
Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, թե Հայաստանի կառավարությունը, թե Սփյուռքի որոշ խմբավորումներ քննարկում են միջազգային դատարաններում Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնելու հնարավորությունը: Սակայն, նման լուրջ դատերը պետք է իրականացվեն միայն միջազգային իրավունքի մասնագետների, և ոչ թե հասարակ հայ անհատների կամ բարի կամեցողություն դրսևորող համայնքային խմբերի կողմից: Սխալ ձևակերպման դեպքում այդ հայցերը կարող են երկարատև կործանարար ազդեցություն ունենալ Թուրքիայից Հայաստանի օրինական պահանջների վրա:
Անցյալ տարվա սեպտեմբերին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց, որ մտադիր է հայց ներկայացնել Թուրքիայի դեմ՝ Սիսի կաթողիկոսարանին մինչև Ցեղասպանությունը պատկանող գույքը վերադարձնելու պահանջով: Թուրքիայի դատարանի կողմից այս հայցը մերժելու դեպքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը այդ որոշումն այնուհետև կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):
Վերջերս թուրքական մամուլը հաղորդեց, որ ամերիկահայ Զվարթ Սուջյանը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել իր մոր՝ Բասմաջյանների ընտանիքին պատկանող հողատարածքը, որի վրա գտնվում է Դիարբեքիրի օդանավակայանը:
Ես խոսեցի 94-ամյա տիկին Սուջյանի հետ, որ բնակվում է Նյու Յորքում (և ոչ թե Կալիֆորնիայում, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը): Նա պատմեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո, բռնագաղթելով Դիարբեքիրից, նրա ընտանիքն սկզբում տեղափոխվել է Լիբանան, այնուհետև Կուբա (ոչ թե Կորեա՝ ըստ թուրքական մամուլի) և վերջապես հաստատվել Միացյալ Նահանգներում:
1967 թ. Սուջյան ընտանիքի կալվածքը բռնագրավվել է թուրքական կառավարության կողմից՝ տեղական մի թերթում հայտարարություն տեղադրելուց և սեփականատերերին չգտնելու մասին պնդումներ անելուց հետո:
Մի քանի տարի առաջ Սուջյանի փաստաբան Ալի Էլբեյօղլուն նրա անունից հայց ներկայացրեց Թուրքիայում՝ ձգտելով վերադարձնել նրա ժառանգությունը: 2013 թ. ապրիլին դատարանը մերժեց նրա պահանջը՝ պնդելով, որ 10-ամյա վաղեմության ժամկետն անցել է: Վերաքննիչ դատարանը բեկանեց ստորին ատյանի որոշումը և պահանջեց գործը վերաքննել, հիմնավորելով, որ Սուջյանը կարող էր տեղյակ չլինել Դիարբեքիրի տեղական թերթում տեղադրված իրավական հայտարարության մասին գույքի բռնագրավումից առաջ: Դատարանը հայտարարեց, որ այն առնվազն պետք է տեղադրվեր ամբողջ երկրում լայն տարածում ունեցող թուրքական թերթում:
Փաստաբան Էլբեյօղլուն պարզաբանեց, որ Սուջյանի կալվածքի բռնագրավումը մասնավոր սեփականության իրավունքի խախտում է, ինչպես սահմանված է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայով:
Նույնիսկ եթե Սուջյանը հաղթի իր դատական գործը, ապա քիչ հավանական է, որ Թուրքիայի կառավարությունը վերադարձնի տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ շատ թանկ հողատարածքը, որի վրա գտնվում են Դիարբեքիրի ռազմական և քաղաքացիական օդանավակայանները: Այդ իսկ պատճառով նրա փաստաբանը հայտնեց «Միլիյեթ» թերթին, որ Սուջյանը միայն հատուցում է պահանջում իր ընտանիքին պատկանող կալվածքի արժեքի չափով:
Էլբեյօղլուն նաև «Միլիյեթին» ասաց, որ Սուջյանի գործը դուռ կբացի բազմաթիվ նման գործերի առջև: Հատկանշական է, որ թուրքական թերթն իր հոդվածը վերնագրել է «Սփյուռքի հույսը»:
Թուրքական լրատվամիջոցները չէին նշել, որ եթե վերաքննիչ դատարանը չբավարարի Սուջյանի հայցը, ապա նա կարող է իր գործով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ի դրական որոշումը կառաջացնի դատական հայցերի մի ամբողջ հեղեղ համայն հայության կողմից, որոնց նախնիները կալվածքներ են ունեցել, և որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ բռնագրավվել են թուրքական կառավարության կողմից:
Թուրքիայում կան անթիվ այլ արժեքավոր կալվածքներ, որոնք բռնագրավվել են հայերից, այդ թվում՝
– Անկարայում Նախագահական պալատը, որ մինչև վերջերս զբաղեցված էր Էրդողանի և Թուրքիայի նախկին նախագահների կողմից, գտնվում է Քասաբյան ընտանիքին պատկանող տարածքում:
– Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը մասամբ կառուցված է վանեցի Գևորգ Սարյանի ընտանիքին պատկանող տարածքի վրա:
– Ինջիրլիքի ԱՄՆ ռազմակայանը գտնվում է մի քանի հայ ընտանիքների պատկանող կալվածքների վրա, որոնք դատական հայց են ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան ընդդեմ Թուրքիայի կառավարության:
Այս և հայերին պատկանող հազարավոր այլ կալվածքներ պետք է վերադարձվեն իրենց օրինական տերերին որպես արդարության մասնակի վերականգնում, որ Թուրքիան պարտք է հայ ժողովրդին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի