Շանթ Հարությունյանը՝ իր պայքարի և Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների բողոքի քննությունը: Շանթ Հարությունյանը դատարանում ասաց, որ իր նախաձեռնած պայքարը արժեքների հեղափոխություն է եղել: Նրա խոսքով՝ իրականում այս գործը քաղաքական է, թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում համակողմանի քննություն չի կատարվել, չեն ուսումնասիրվել դրդապատճառները:

Հայաստանը, նրա խոսքով, ղեկավարում են ԿԳԲ-ի գործակալները, նրանք փորձում են «դեբիլացնել» ժողովրդին, ինչը նրանց որոշակի առումով հաջողվել է: Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանում իրենք առաջարկել են՝ իրենց դատել «հանուն Ռուսաստանի Ֆեդերացիայի», իսկ իր ընկերներից մեկն էլ առաջարկել է, որ հայ դատախազի փոխարեն դատարան ներկայանա ռուս դատախազը:

Շանթ Հարությունյանի խոսքով՝ ընդամենը մի քանի ամիս անց իրենց ասածն ապացուցվեց. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին չկալանավորելիս դատախազը հղում է անում Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը: Ըստ Շանթ Հարությունյանի՝ ժամանակին տեսնելով այդ ամենը՝ իր պայքարով ինքը փորձել է կանխել այս ամենը:

Նա դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և պատգամավոր Համլետ Հարությունյանին՝ կոչ անելով ԱԺ-ում քննարկել 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը: Նա հարց հնչեցրեց, թե ինչպես կարող է այդ կողմերից մեկը համարվել հայ ժողովրդի թշնամին, մյուսը՝ բարեկամը:

Շանթ Հարությունյանն ասաց, որ շատ ակնկալիքներ չունի, թե արդարացման դատավճիռ կլինի, քանի որ համակարգը ռուսական ենթակայության տակ է գործում: Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանի վճիռը դիտարկում է որպես հալածանք իրեն՝ իր հայրենիքը պաշտպանելու համար: Նրա խոսքով՝ իրենց դեմ դատավճիռ կայացրած դատավորը ծառայում է ԿԳԲ-ին, և սա ասում է, որ նրան աշխատանքից չազատեն: Նա ավելացրեց, որ խուլիգանություն չի կատարել, ինքնապաշտպանության է դիմել, պաշտպանել է ոչ միայն իրեն, այլև իր հայրենիքը:

Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանն էլ ասաց, որ պաշտպանական կողմը նույն հիմնավորումները ներկայացրել է ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում: Նրա խոսքով՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ապացույցները բավարար են ամբաստանյալների նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար:

Դատական նիստն այսօր հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 30-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս