ԵՄ-ը դեմ է Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելուն
Ամերիկյան Washington Post թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ու Լորան Ֆաբիուսը, ինչպես նաև ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին դեմ են արտահայտվել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն:
Այդ մասին նշված է նրանց համատեղ հոդվածում, որը հրապարակվել է թերթում. «Մենք ցանկանում ենք համալիր որոշում ընդունել, որը միաժամանակ կճանաչի Իրանի ժողովրդի իրավունքը միջուկային խաղաղ էներգիայից օգտվելու համար և միջազգային հանրությանը հնարավորություն կտար վստահ լինել, որ Իրանը չի ստանա միջուկային զենք:
Յուրաքանչյուր համաձայնագիր պետք է ապահովի կոնկրետ, ստուգման ենթակա ու երկարաժամկետ երաշխիքներ, որ Իրանի միջուկային ծրագիրը մնում է բացառապես խաղաղ: Այժմ Իրանը պետք է ռազմավարական ընտրություն կատարի հետագա մեկուսացման ու բաց համագործակցության միջև:
Ավելի վաղ ընդունված պատժամիջոցներով Իրանի վրա ճնշման պահպանումը կարևոր է: Սակայն բանակցությունների առանցքային փուլում Իրանի միջուկային ծրագրի հանդեպ նոր խոչընդոտներ հարուցելը՝ ներառյալ հավելյալ պատժամիջոցներ սահմանելը, կարող է սպառնալիքի տակ դնել մեր ջանքերը:
Եթե Իրանը խախտի իր պարտավորությունները, ապա չի խուսափի հավելյալ ճնշումից: Մենք չենք ունենա ընտրություն՝ բացառությամբ Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու»: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը քաղտնօրենների մակարդակով անցկացվել է հունվարի 18-ին: Բանակցությունների ժամանակ բեկում չի գրանցվել, կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները: