Մոսկվայում սենատորները ծաղիկներ են դրել Հայաստանի դեսպանատան մոտ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում սենատորները ծաղիկներ են դրել Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ և գրառում են կատարել Վշտակցության գրքում՝ կապված հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ:
Այս մասին գործակալությանը հայտնել է Դաշնության խորհրդի անդամ Իգոր Չեռնիշենկոն, ով այսօր այցելել է Հայաստանի դեսպանատուն. «Հայաստանի դեսպանատուն են այցելել Դաշնության խորհրդի ու Հայաստանի խորհրդարանի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, որոնց թվում նաև՝ Դաշնության խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը»:
Չեռնիշենկոն ընդգծել է, որ հանձնաժողովի անդամները հայ ժողովրդին իրենց ցավակցությունները հղել են Գյումրու աղետի առաջին օրերին, բայց քանի որ նախօրեին մահացել է ընտանիքի վերջին անդամ, մանկիկ Սերյոժա Ավետիսյանը, սենատորները հարկ են համարել դա անել վերստին:
Չեռնիշենկոյի խոսքերով՝ իրենք Հայաստանի դեսպանատան մոտ հանդիպել են բազմաթիվ շարքային ռուսների, որոնք իրենց հետ բերել են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ծաղիկներ, ցավակցական գրառումներ: Չեռնիշենկոն վստահություն է հայտնել, որ մեղավորները պատժվելու են, իսկ հայ-ռուսական հարաբերությունները չեն վնասվի: