
Եգիպտոսում բանտից ազատ են արձակվել Մուբարաքի որդիները

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կահիրեի քրեական դատարանն այսօր ազատ է արձակել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիներ Ալյային ու Գամալին: Նման որոշում է ընդունել գլխավոր դատավոր Մուհամմեդ Ամեր Գադոյի ղեկավարած կոլեգիան: Կոռուպցիոն գործն ուղարկվել է վերանայման:
Դատարանը որոշել է, որ Գամալ ու Ալյա Մուբարաքը ժամանակավորապես՝ դատական գործընթացի վերանայման ժամանակ, գտնվելու է տնային կալանքի տակ: Խոսքը գնում է «նախագահական նստավայրի» գործի մասին, որի լսումները մեկնարկել են նախորդ տարվա փետրվարին:
Մուբարաքին ու նրա որդիներին մեղադրում են պետական գանձարանից 125 միլիոն եգիպտական ֆունտ (մոտ 18 միլիոն դոլար) հափշտակելու մեջ, որը հատկացվել է 2002-2011 թվականներին նախագահի նստավայրի վերանորոգման համար: