Կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութ տեղափոխելու փորձը (լուսանկար)
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ կանխվել է անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) միջոցով Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութ ուղարկելու փորձը: Միջադեպը գրանցվել է Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Տիխուանա քաղաքում: ԱԹՍ-ի վրա գտնվել է երեք կիլոգրամ թմրանյութ՝ բյուրեղյա մետամֆետամին:
Մեքսիկայի ոստիկանությունը հայտարարել է, որ ԱԹՍ-ին մնացել էր անցնել երկու կիլոմետր ճանապարհ, որպեսզի հասներ սահմանին և հայտնվեր ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում: ԱԹՍ-ը պետք է «բեռնաթափվեր» արդեն ԱՄՆ-ի տարածքում: Նրանում գտնվել է թմրանյութերի 6 փաթեթ:
ԱՄՆ Թմրանյութերի դեմ պայքարի վարչության մի պաշտոնյա, ով չի ցանկացել հայտնել իր անունը, հայտարարել է, որ 2012 թվականից սկսած՝ գրանցվել է ԱԹՍ-երի միջոցով Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութեր տեղափոխելու 150 փորձ:
Տիխուանայի ոստիկանությունը վերջին տարիներին է սկսել բախվել թմրանյութերի մաքսանենգության՝ նախկինում չհանդիպած այդ եղանակին: Թմրանյութ տեղափոխող ԱԹՍ-երն անվանվում են «կույր սուրհանդակ», քանի որ բացահայտման դեպքում հայտնի չի դառնում, թե ում է պատկանում թմրանյութը և ում է հասցեագրվել այն: