Արդյոք հանցագործը միայնա՞կ է գործել Գյումրիում. պարզաբանում է Գևորգ Կոստանյանը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր Գյումրու սպանության դեպքի խորհրդարանական լսումների ընթացքում իր գործընկներին խնդրեց տեղի ունեցած ողբերգությունը չշահարկել, քանի որ այն բոլորի վիշտն ու ցավն է: «Խնդրում եմ չփորձել այս առիթն օգտագործել սեփական քաղաքական շահաբաժին ստանալու համար: Սա ես ուղղակի բարոյական չեմ համարում»,- ասաց նա:
Մ. Եսայանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է, որ գործի քննության ընթացքում ռուսական և հայկական կողմերը զգան, որ այլ երկրների համապատասխան մարմինների միջամտության կամ աջակցության կարիք կա, արդյոք դատախազի կարծիքով՝ ընթացքն այնպիսի՞ն է, որ ռուսական և հայկական կողմերի աշխատանքը բավարար կլինի իրական հանցագործությունը բացահայտելու համար: «Արդյոք մարդասպանը միայնա՞կ է եղել, թե՞ ունեցել է աջակիցներ»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Պատասխանելով առաջին հարցին՝ Գևորգ Կոստանյանն ասաց, որ ոչ միայն դրա կարիքը, այլև դրա հնարավորությունը չկա, քանի որ ՀՀ տարածքում կատարված հանցագորոծությունները քննում են ՀՀ իրավապահ մարմինները և ՌԴ տարածքում կատարված հանցագործությունները՝ համապատասխանաբար ռուսական իրավապահ մարմինները.
«Գումարած, որ մեր քննիչների պրոֆեսիոնալիզմը շատ բարձր մակարդակի վրա է, ես Ձեզ վստահեցնում եմ»:
Նրա խոսքով՝ եթե կողմերը համարեն, որ, օրինակ՝ անհրաժեշտ մասնագետներ չունեն, կոնկրետ հարցերի պարզման համար, դատավարական տեսակետից հնարավորություն ունեն ներգրավվելու այլ երկրների մասնագետների:
Իսկ հարցին՝ արդյոք հանցագործը միայնա՞կ է գործել, թե՞ ոչ՝ Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Մենա՞կ է գործել, ունեցե՞լ է հացակիցներ, թե՞ չի ունեցել հանցակիցներ, տիկին Եսայան, այս հարցին պատասխանենք քննության ավարտից հետո»: