Իրավունք ունեի՞ն արդյոք ռուս զինվորականները ողբերգական դեպքից հետո զինված շրջել Գյումրիի փողոցներում, կամուրջների տակ
«Դեպքից հետո ռուս զինվորականները ավտոմատներով զինված ինչ-որ գործողություններ էին անում Գյումրիի փողոցներում, կամուրջների տակ: Ո՞ր պայմանագրով նրանք իրավունք ունեն ինքնիշխան Հայաստանի տարածքում զինված դուրս գալ քաղաք, խուզարկել ավտոմեքենաները և այլն. նման իրավունք ունե՞ն, թե՞ ոչ»,- դիմելով ՀՀ գլխավոր դատախազին այսօր ԱԺ-ում տեղի ունեցող լսումների ժամանակ հարցրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան՝ Գևորգ Կոստանյանն ասաց, թե ռուսական ռազմաբազայի զինվորների կողմից օպերատիվ գործողություններ իրականացնելու խնդիրը կարգավորվում է 1997թ. կնքված համապատասխան պայմանագրով: «Այդ պայմանագրի 9-րդ հոդվածը սահմանում է, որ նման դեպքերում ՀՀ իրավապահ մարմինների համաձայնությամբ անպայման ռուսական ռազմաբազայի իրավապահ մարմինները ևս մասնակցում են և իրականացնում են քրեադատավարական, օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ: Այսինքն՝ դա ևս հստակ սահմանված է պայմանագրով»