Լավրովի պատասխանը՝ «Հայաստանի բանտում պահվող Գ. Ասկերովի ճակատագրի» մասին հարցին

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2014 թվականին ՌԴ ԱԳՆ-ի գործունեությունը: Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը (ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանցի – 168.am) Լավրովին հարցրել է.

«Հնարավոր է՝ տվյալ հարցը տվյալ հարցը չի գտնվում Ռուսաստանի օրակարգում, սակայն Ադրբեջանի համար այն փակված չէ: Խոսքը գնում է էթնիկ ադրբեջանցի, Ռուսաստանի քաղաքացի Գ. Ասկերովի մասին (հետաքրքիր է, թե ում է նկատի ունեցել լրագրողը – 168.am), որին ձերբակալել են «Ադրբեջանի օկուպացված տարածքում», և նա ցայժմ գտնվում է «Հայաստանի բանտում»: Ինչո՞ւ Ռուսաստանը չի հետաքրքրվում իր քաղաքացու ճակատագրով: Ինչո՞վ է առաջնորդվում Ռուսաստանը՝ գեթե մեկ հայտարարություն չանելով Գ. Ասկերովի ազատման օգտին»:

Լավրովը պատասխանել է. «Ինչպես ասացիք Դուք, նա Ռուսաստանի՞ քաղաքացի է, և նրան ձերբակալե՞լ է հայկական կողմը: Այդ դեպքում տվյալ հարցը մենք կքննարկենք նրա հետ: Մենք ունենք ոչ քիչ թվով քաղաքացիներ, որոնց ձերբակալել են աշխարհի տարբեր երկրներում: Մենք մշտապես հետաքրքրվում ենք նրանց ճակատագրով»:

Հիշեցնենք, որ նախորդ դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակեց նույն տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալներ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավճիռը:

Դատավճռի համաձայն՝ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ հանցախմբի մյուս անդամ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս