Բաժիններ՝

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդում են կենտրոնա-ասիական տարածաշրջանի վրա. Նազարբաևը՝ Օբամային

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը:

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի այժմեական հարցերը: Երկու երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը:

Նուրսուլթան Նազարբաևը զրուցակցին իրազեկել է այն մասին, որ անձամբ է զբաղվում այդ հարցով: Նազարբաևն ընդգծել է, որ հարցը կարող է լուծվել Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների մակարդակով բանակցություններ անցկացնելու ճանապարհով:

Նազարբաևն Օբամային խնդրել է ավելի ակտիվ միանալ ուկրաինական հարցի շուրջ փոխզիջման փնտրտուքին: Նազարբաևի խոսքերով՝ Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցներն ազդում են կենտրոնա-ասիական տարածաշրջանի վրա:

Օբաման Նազարբաևին վստահեցրել է, որ հավատարիմ է մնում Ուկրաինայում տիրող իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը՝ ընդգծելով, որ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է իրագործել մինսկյան պայմանավորվածությունները: Օբաման նաև բարձր է գնահատել Ղազախստանի ջանքերը միջազգային անվտանգության ամրապնդման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս