![](/banners/BeFunky-design.jpg)
«Նորմանդական քառյակը» համաձայնագիր է ստորագրել Ուկրաինայում բաժանարար գծի շուրջ
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/pic_fcc12361f1dab66fade795c0a6559ca2.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Նորմանդական քառյակի» արտգործնախարարները Բեռլինում ունեցած հանդիպման ժամանակ համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում բաժանարար գծի մասին: Բացի այդ, նրանք պայմանավորվել են աջակցել ծանր սպառազինության հետ քաշմանն ու շարունակել Շփման խմբի հանդիպումները:
Այս մասին հայտարարել են Գերմանիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ու Սերգեյ Լավրովը: Լավրովի խոսքերով՝ հանդիպումը եղել է օգտակար, և եթե ռազմական գործողությունների դադարեցման հարցում գրանցվի առաջընթաց, ապա պահանջարկված կլինի Աստանայի գագաթաժողովը:
Շտայնմայերն իր հերթին հայտարարել է «նորմանդական քառյակի» երկրների արտգործնախարարների բանակցություններում զգալի առաջընթացի մասին: Հանդիպումն անցկացվել է երեկ, Բեռլինի արվարձան Բորզիգում:
Սկզբնական շրջանում որոշվել էր Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնորդների հանդիպումն անցկացնել հունվարի 15-ին, Աստանայում, սակայն ավելի ուշ այն հետաձգվեց անորոշ ժամկետով՝ կապված Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների վերսկսման հետ: