Առանց իշխանության
Ռուսական կողմը չի պատրաստվում Հայաստանին հանձնել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին: Այդ մասին են վկայում Ռուսաստանից պաշտոնապես հնչող հայտարարությունները, որոնցից վերջինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Պեսկովի հայտարարությունն էր այն մասին, որ կլինի «ռուսաստանյան դատավարություն»: Մնացած բոլոր հայտարարությունները, կարծիքները, մեկնաբանություններն այն մասին, թե «ստահակը կդատապարտվի օրենքի ողջ խստությամբ», «պատիժն անգութ կլինի», և այլն, ընդամենը ֆոնային նշանակություն ունեն:
Ռուսները, մի խոսքով, չեն ուզում հանձնել իրենց ստահակին: Բայց արդյոք որևէ մեկը պահանջո՞ւմ է Ռուսաստանից դա՝ բացի Հայաստանի հասարակությունից: Հայաստանի իշխանությունները որևէ մակարդակով մինչև օրս Պերմյակովին Հայաստանին հանձնելու պաշտոնական պահանջ չեն ներկայացրել, բացի «տղամարդավարի» հայտարարություններից: Պահանջ ներկայացնողը, կրկնում ենք, միայն հասարակությունն է, իսկ իշխանություն՝ որպես այդպիսին, այս հարցում չկա: Իսկ եթե իշխանությունը չկա, բացակայում է սեփական քաղաքացիներին գնդակահարելու հարցում, ուրեմն նա բացակայում է ընդհանրապես: