
Արդյոք Գյումրու աղետի հետևում չկա՞ ավելի լուրջ բան, քան՝ պարզապես հանցագործի խելագարությունը. Շահնազարով

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կինոռեժիսոր ու հասարակական գործիչ Կարեն Շահնազարովը Sputnik-Армения ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գյումրու աղետի հետևում կարող է կանգնած լինել շատ ավելին, քան՝ պարզապես հանցագործի խելագարությունը.
«Դա իմ անձնական կարծիքն է, որ պետք է ամենամանրակրկիտ ձևով հետաքննել դա: Այստեղ հարցն անգամ այդ սրիկայի ճակատագրի մեջ չէ, քանի որ նրա ճակատագիրն ակնհայտ է:
Պետք է հասկանալ դրդապատճառները, որովհետև այս հանցանքում ամեն դեպքում կան շատ բաներ, որոնք առաջացնում են հարցեր, թե արդյոք դրա հետևում չկա՞ ավելի լուրջ բան, քան պարզապես հանցագործի խելագարությունն է:
Վստահ եմ, որ անկախ նրանից, թե որտեղ կդատեն նրան՝ Հայաստանում կամ Ռուսաստանում, նրա ճակատագիրը հաստատապես լինելու է տխուր: Ես անգամ որևէ կասկած չունեմ այդ հաշվով, և այդ իմաստով Ռուսաստանի իշխանությունների արձագանքը բացարձակապես ադեկվատ էր»:
Շահնազարովը Գյումրու ողբերգական իրադարձությունների կապակցությամբ իր ցավակցություններն է հղել հայ ժողովրդին: