Սաակաշվիլին հաշվեհամար է բացել Ուկրաինայում զոհված վրացի կամավորների ընտանիքներին օգնելու համար
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հատուկ հաշվեհամար է բացել, ուր ցանկացողները կարող են գումարներ փոխանցել Ուկրաինայում զոհված վրացի զինծառայողներ Ալեքսանդր Գրիգոլաշվիլու ու Թամազ Սուխիաշվիլու ընտանիքներին օգնելու համար:
Վրաստանի քաղաքացի, 37-ամյա Թամազ Սուխիաշվիլին զոհվել է հունվարի 18-ի երեկոյան՝ Դոնեցկի մոտ ընթացող ռազմական գործողությունների ժամանակ: Իսկ 32-ամյա Ալեքսանդր Գրիգոլաշվիլին զոհվել է 2014 թվականի դեկտեմբերի 18-ին, Լուգանսկի մարզում:
Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է. «Ուկրաինայում հերոսաբար զոհվել է վրացի երկու սպա՝ Ալեկո Գրիգոլաշվիլին ու Թամազ Սուխիաշվիլին: Դժբախտաբար, մեր նոր կառավարությունը ոչ միայն վիրավորել է Ալեկո Գրիգոլաշվիլու հիշատակը, այլև նյութապես չի օգնում զոհված հերոսներից և ոչ մեկի ընտանիքին: Իսկ նրանք ունեն երեխաներ, և նրանց ընտանիքներն ապրում են շատ համեստ:
Յուրաքանչյուրի հասարակական պարտքն է իր հնարավորության սահմաններում Գրիգոլաշվիլու ու Սուխիաշվիլու ընտանիքներին աջակցելը, որոնք ընկել են մեր ընդհանուր թշնամու դեմ պայքարում: Այդ նպատակով ես իմ նախագահական գրադարանում բացել եմ հատուկ հաշվեհամար, ուր փոխանցել եմ 4000 լարի (մոտ 2000 դոլար)»: