
2014թ. Facebook-ը նպաստել է աշխարհում մոտ 4.5 միլիոն աշխատատեղ ստեղծելուն. վերլուծաբաններ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2014 թվականի արդյունքներով գլոբալ տնտեսության մեջ Facebook-ի ներդրումը գնահատվել է 227 միլիարդ դոլար: Այս մասին է վկայել Deloitte & Touche խորհրդատվական ընկերության հետազոտությունը, որի անցկացումը պատվիրել է Facebook-ը:
Փորձագետները վերլուծության են ենթարկել այն, թե ինչպես է Facebookի արտադրանքը տնտեսական աճ խթանում համայն աշխարհում: Ընդ որում՝ հաշվի չեն առնվել միայն բուն Facebook-ի եկամուտները. նախորդ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով սոցցանցի հասույթը կազմել է 8.6 միլիարդ դոլար, ինչն էականորեն զիջում է վերոնշյալ թվին:
Հետազոտության ժամանակ հաշվի են առնվել նաև Facebook-ում էջ պահելուց բիզնես ընկերությունների ուղիղ ու անուղղակի եկամուտներ, բջջային հավելվածներ մշակողների եկամուտներն ու Facebook-ի հարթակի խաղերը, ինչպես նաև այն սարքերն ու ինտերնետային միացման ծառայությունները, որոնք առնչվում են Facebook-ին:
Վերլուծաբանների տվյալներով՝ 2014 թվականին Facebook-ը նպաստել է համայն աշխարհում մոտ 4.5 միլիոն աշխատատեղեր ստեղծելուն: Facebook-ի գլոբալ լսարանն ամսական հաշվվում է ավելի քան 1.35 միլիարդ օգտատեր: