Եղանակային պայմանների պատճառով Վրաստանում դադարեցվել են ԲԹԿ երկաթգծի կառուցման աշխատանքները
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եղանակային վատ պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցվել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման շրջանակներում տարվող աշխատանքները: Այս մասին հայտարարել է «Ազերօյլսերվիս» ընկերության վրացական մասնաճյուղի տնօրեն Գուրբան Փիրիևը.
«Ախալքալաքում, ինչպես նաև Թուրքիայում տեղացել է առատ ձյուն: Կարծախիի կայարանի աշխատանքները դադարեցվել են, իսկ Ախալքալաքի կայարանի աշխատանքներն ընթանում են շենքի ներսում: Մասնավորապես ընթանում է տրանսֆորմատորների տեղադրում:
Մենք անում ենք ամեն հնարավոր բան՝ գրաֆիկին համապատասխան աշխատանքներն ավարտելու համար: Առատ ձյան պատճառով դադարեցվել են արտաքին աշխատանքները: Թուրքիայի տարածքում կառուցվող թունելներում նույնպես տարվում են ակտիվ աշխատանքներ:
Ես ստույգ տեղեկություններ չունեմ, թե ինչպես են գործերը նախագծի թուրքական կողմում: Սակայն տեղյակ եմ, որ այնտեղ կառուցվող թունելներում տարվում են ակտիվ աշխատանքներ:
Թուրքերը մինչև տարեվերջ կավարտեն աշխատանքի իրենց մասը: Մեզ համար գլխավորն այն է, որ մենք կատարենք նախագծի վրացական հատվածում մեր աշխատանքն ու արդեն սահմանին գործարկենք փորձնական գնացք»:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե ԲԹԿ-ը շահագործման կհանձնվի ընթացիկ տարեվերջին: