«Հիվանդ մարդը» արդեն Եվրոպան է. Դավութօղլու
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլի բորսայի ներկայացուցիչների ու թուրք արտահանողների հետ երեկվա հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այժմ արդեն «հիվանդ մարդը» Եվրոպան է.
«Եթե նախկինում՝ 20-րդ դարի սկզբին, եվրոպացիները Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանում Թուրքիան համեմատում էին «հիվանդ մարդու» հետ, ապա այժմ՝ 21-րդ դարի սկզբին, կարելի է տեսնել, որ Թուրքիան առաջ է անցել և «հիվանդ մարդը» հենց Եվրոպան է:
Այն ժամանակ, երբ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում, Ուկրաինայում նկատվում է քաղաքական քաոս, Թուրքիայում տիրող իրավիճակն առանձնանում է իր կայունությամբ, և դա պետության ուժի ցուցիչ է:
Թուրքիայի իշխանություններն անում են ամեն բան, որպեսզի երկիրն ընդլայնի իր քաղաքական ու տնտեսական հզորությունը: Թուրքիան կդառնա աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկը: Թուրքիան այս տարի նախագահելու է G20-ում»:
Հիշեցնենք, որ «Եվրոպայի հիվանդ մարդ» արտահայտությունը քաղաքական ու տնտեսական համալիր խնդիրներ ունեցող Օսմանյան կայսրության հանդեպ գործածության մեջ է մտել 19-րդ դարի կեսերին՝ Ղրիմի պատերազմի (1853-1856թթ.) շեմին, և որ այն առաջինը գործածել է ռուս կայսր Նիկոլայ I-ը: