Բաժիններ՝

Մոմավառություն՝ ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի (լուսանկարներ)

Ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի` հունվարի 20-ին Ազատության հրապարակում առավոտից մինչ ուշ գիշեր մոմավառություն էր տեղի ունենում: «Ժողովրդական սգո օրվան» մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ, մարդկանց հոսքն առավոտից չէր դադարում, իսկ Օպերայի աստիճանների վրա ավելանում էին մոմերն ու խաղալիքները:

Մոմավառությունն Ազատության հրապարակում օրեր առաջ էր սկսվել. հայ ժողովուրդը սգում էր փոքրկի հարազատների մահը ու մեծ հույսով աղոթում այն միակ Ավետիսյանի համար, որը ողջ էր մնացել դաժան ողբերգությունից հետո: Այսօր արդեն քաղաքացիները հենց փոքրիկի համար են հարգանքի տուրք մատուցում ու լուռ խոնարհվելով` աղոթում մի ամբողջ ընտանիքի համար:

IMG_0070.CR2Չնայած Հայաստանում պաշտոնապես սգո օր չհայտարարվեց, դա ամենևին չխանգարեց այն մարդկանց, որոնք հայտարարեցին «Ժողովրդական սգո օր» ու հիմա, գալով Ազատության հրապարակ, լուռ սգում ու աղոթում են Ավետիսյանների ընտանիքի համար:

Պաշտոնապես սգո օր չհայտարարվելուն դեմ է գրեթե ամբողջ ժողովուրդը:

Ազատության հրապարակ այցելած քաղաքացիներից է նաև Ծովինար Չիլինգարյանը, ով նույնպես համաձայն չէ այդ որոշմանը. «Մենք ունեինք, այսպես ասած, «սգո օրի» մշակույթ. և՛ Անդրանիկ Մարգարյանի մահվան ժամանակ սգո օր հայտարարվեց, և՛ կործանված ինքնաթիռի համար…

IMG_0080.CR2

IMG_0084.CR2Սգո օրեր եղել են, ու դրա մշակույթը մենք ունենք: Կարծում եմ` պետք է պետական բոլոր դրոշներն իջեցվեին, այդ թվում՝ նաև Ռուսաստանինը: Երևի թե իրենք չէին ուզում, որ այդպիսի հնչեղություն ստանա, այնինչ հնչեղությունը, իրականում, ստացել է ժողովրդի կողմից»:

Ազատության հրապարակում հարգանքի տուրք մատուցվում է սպանության հենց առաջին օրվանից, սակայն հունվարի 20-ը մի փոքր տարբերվում էր մյուս օրերից: Գևորգ Մարգարյանը, ով հենց առաջին օրվանից ամեն օր Ազատության հրապարակում է անցկացնում իր օրվա մեծ մասը, այսօր իր ընկերների հետ միասին մոտ 40 000 մոմ է գնել ու քաղաքացիներին անվճար բաժանել:

IMG_0094.CR2

IMG_0104.CR2Մյուս օրվա համար էլ մոմերն արդեն գնել են ու դեռ պատրաստ են շարունակել այս ամենը: Շատերն են մոտենում նրանց ու հարցնում` արդյոք վաճառո՞ւմ են նրանք, իսկ տղաները շարունակում են սիրով բաժանել բոլոր մոմերն ու հետևում են ամբողջ ընթացքին:

«Այսօր ժողովուրդը մի փոքր ավելի շատ է. մոտ 40 000 մոմ ա բաժանվել այսօր: Սա ոչ Քաղաքապետարանն է անում, ոչ ինչ-որ մի ձեռնարկություն. մենք մեր ուժերով ենք բերում բոլոր մոմերը (դե, ժողովուրդն էլ ա բերում, բայց հիմնականում մենք ենք անում): Մոտ կես ժամ առաջ էինք 900 հատ մոմ բերել, ու արդեն վերջանում է: Բոլորն են հարցնում` «վաճառո՞ւմ եք», զարմանում են…

Երևի գիտեն` Քաղաքապետարանն է բաժանում: Մենք հիմա ո՛չ Քաղաքապետարանից հույս ունենք, ո՛չ էլ «ալիգարխ» ենք: Եթե այսօր ղեկավարությունը մտածեր սրա մասին, հաստատ էս էրեխեքի նկարները սկոչով կարտոնի վրա կպցրած չէր լինի. գոնե ավելի կոկիկ կլիներ: Ես եմ աղբանոցից տուփ բերել ու նկարներից մի քանիսի վրա կարտոն փակցրել. տենց մոմերի մոտ դրած արդեն վառվում էին: Դե, իրականում մենք չենք էլ սպասում ոչ մի արձագանքի»,- ասում է Գևորգ Մարգարյանը:

IMG_0115.CR2Քաղաքացիները նույնպես ցանկության դեպքում գումար են տալիս տղաներին ու առաջարկում են իրենց օգնությունը: Մոմերի հետ միասին, քաղաքացիները նաև խաղալիքներ ու ծաղիկներ են բերում ու աղոթելով զգուշությամբ դնում հարյուրավոր մոմերի կողքին: Լուռ աղոթքին հունվարի 20-ին նաև միացավ հոգևորականների բարձր երգն ու աղոթքը, և Ազատության հրապարակում բոլորի աղոթքը միաժամանակ հնչեց` ի հիշատակ Ավետիսյանների:

Շատ հարցեր այսօր իրենց հստակ պատասխանները չեն գտնում, ու այս ամենը հայ ժողովրդի աչքից չի վրիպում: Շատերն ասես հիասթափված են պետության ու ղեկավարների անտարբերությունից ու բազում հարցերի պատասխաններ էլ իրենք իրենց են փորձում գտնել:

Քաղաքացի Տիգրան Մովսիսյանը նույնպես հիասթափված է այսօրվա իրականությունից, ու արդեն քանի օր է` շատերի հետ միասին, մասնակցում է մոմավառությանը: «Ինձ համար լրիվ անհասկանալի է մեր իշխանությունների պահվածքը: Չգիտեմ, կարծես վախենում են ինչ-որ բան ասել, ձայն հանել. վախենում են իրենց վերադասից, որը Կրեմլում է նստած: Կարծում եմ` մենք լրիվ կորցրել ենք մեր ինքնիշխանությունը:

IMG_0138.CR2 (1)Երբ Գյումրիի ռազմաբազայի հրամանատարն ավելի մեծ իշխանություն ունի մեր հողի վրա՝ քան մեր ղեկավարությունը: Ժողովուրդը վրդովված է, որ ոչ մի բացատրություն չկա այս ամենի համար. շատ անհասկանալի պահեր կան: Օրինակ, երբ հայտնել են մեր Ոստիկանությանը, որ բազայից զենքով զինվոր է փախչել, ինչո՞ւ ոչ մի բան չի ձեռնարկվել:

Ինչո՞ւ ոստիկաններ չեն եղել փողոցներում այդ ժամանակ: Հայտնի է, որ ռուսական զորամասերում շատ վատ մթնոլորտ է` և՛ ալկոհոլիզմ, և՛ թմրամոլություն… Ու ո՞նց կարող է զինված մարդը դուրս գա բազայից ու մտնի քաղաք: Եվ փոխարենը բազայի հրամանատարին պատժեն, այսօր նա ինչ ուզում՝ անում է»,- ասում է քաղաքացի Տիգրան Մովսիսյանը:

Ազատության հրապարակում իրականացվող մոմավառությունը կշարունակվի, և դեռ շատերը կգան ու կաղոթեն Ավետիսյանների համար: Ցավոք, աստիճանների վրա դրված խաղալիքները փոքրիկ Ավետիսյանների մանկության ընկերները չեն լինի, բայց միասնական ժողովրդի աղոթքները կհասնեն նրանց բոլորին:

IMG_0173.CR2

IMG_0186.CR2

Լուսանկարները` հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս