Բաժիններ՝

Գյումրիի աղետը քաղաքականացնելու փորձերն անթույլատրելի են. Սերգեյ Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Գյումրիի ողբերգական իրադարձություններին.

«Նախևառաջ ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել մեր խորին ցավակցություններն այդ սարսափելի հանցագործության կապակցությամբ, որը կատարվել է Ավետիսյանների ընտանիքի դեմ: Սպանվել են կատարելապես անմեղ մարդիկ»:

Լավրովը հիշեցրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ, որպեսզի իր ցավակցությունները հայտնի վեց ամսական Սերյոժա Ավետիսյան մահվան կապակցությամբ, որի կյանքը հարձակումից հետո փրկելու համար բժիշկները պայքարել են մի քանի օր:

Լավրովը վստահություն է հայտնել, որ Գյումրիի աղետի համար մեղադրվող Պերմյակովի դատը կլինի առավելագույն բաց ու կկայացվի համարժեք դատավճիռ. «Մենք հաստատում ենք, որ դատավարությունն անցկացվելու է Հայաստանի տարածքում: Այն կլինի առավելագույն բաց, համատեղ: Ես վստահ եմ, որ դատարանն արագորեն կկայացնի կատարված սարսափելի հանցագործության համար օբյեկտիվ ու համարժեք վճիռ»:

Լավրովն ընդգծել է, որ Գյումրիի աղետը քաղաքականացնելու փորձերն անթույլատրելի են. «Մենք տեսնում ենք այս իրավիճակը քաղաքականացնելու փորձեր: Դրանք չեն բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի ղեկավարությունից: Քիչ չէ այս աղետն այն բանին ծառայեցնել ցանկացողների թիվը, որ ստացվեն աշխարհաքաղաքական ինչ-ինչ առավելություններ: Դա նողկալի է, դա անթույլատրելի է, դա հարիր չէ հպարտ հայ ժողովրդին:

Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ հանցանքը չմնա անպատիժ, որ մեղավորը ենթարկվի ամենախիստ պատժի, և մենք անում ենք ամեն ինչ, որ այսուհետ տեղի չունենա նման բան»: Լավրովը հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժի ընթացիկ իրավիճակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս