
Թուրքիայում հայկական եկեղեցին օգտագործվում է որպես ախոռ և թմրամոլների ու հարբեցողների հավաքատեղի

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Իզմիրի նահանգի Մենեմեն շրջանում գտնվող Սուրբ Սարգիս հայկական պատմական եկեղեցին օգտագործվում է որպես ախոռ, այնտեղ են հայտնվում տեղաբնակների ձիերը, կովերը: Բացի այդ, եկեղեցին դարձել է թմրամոլների ու հարբեցողների հավաքատեղի, որով և այն վերածվել է վտանգավոր վայրի:
Դրա հետ կապված՝ ոստիկանները սկսել են շարունակ պարեկություն անել եկեղեցու մետ: Տեղաբնակներից 68-ամյա Նուրթեն Յըլմազն ափսոսանք է հայտնել, որ Թուրքիայում կարևորություն չի տրվում նման պատմական կառույցներին՝ ընդգծելով, որ պետք է տեր կանգնել դրանց:
Հայկական եկեղեցին գործել է մինչև 1922 թվականը՝ Մենեմենից հայերի հարկադիր հեռացումը: Դրանից հետո այն կարճ ժամանակով օգտագործվել է որպես զինապահեստ, ապա մատնվել է անուշադրության:
Ընդհանուր առմամբ՝ այդ շրջանում գտնվում է երկու եկեղեցի, որոնցից մեկը հայկական է, իսկ մյուսը՝ հունական: Հունական եկեղեցին արդեն իսկ վերանորոգվել է: 2011 թվականին հաղորդվել էր, որ հայկական եկեղեցին նույնպես պետք է վերանորոգվի, սակայն այդ աշխատանքները դեռ չեն մեկնարկել: