Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործն արդեն դատարանում է

2014թ. հունվարի 27-ին քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործն արդեն դատարանում է: Մոտ մեկ տարի քննված քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, այն մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Իսրայել Սարգսյանին, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, նրան «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին»:

Բացի այդ՝ նրան մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թով 4 հատ Ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշականակագույն և շականակագույն գլանաձև արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ Արթուր Սաֆարյանին վնասվածքներ էին պատճառվել որովայնի և կրծքավանդակի հատվածներում:

Տեսանյութեր

Լրահոս