Հայերն ու թուրքերը կարող են համատեղ քննարկել բոլոր հարցերը և գտնել կարգավորման ուղիներ. Դավութօղլու
Թուրքական Haber 7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում կարևորել է Հրանտ Դինքի դերը հայ-թուրքական բարեկամության ամրապնդման գործընթացում:
Դավութօղլուն հայտարարել է, որ «իրենք կիսում են հայերի ցավը և վճռականորեն են տրամադրված երկու ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորման հարցում»: Դավութօղլուն կարևորել է թշնամանքին վերջ դնելը, 1915 թվականի մեծ ցավը հետևում թողնելը՝ ընդգծելով, որ «առաջին կոնկրետ քայլը կատարել է» Թուրքիան՝ 2014 թվականի ապրիլի 23-ին հղելով ցավակցական ուղերձ:
Դավութօղլուն հնարավոր է համարել, որ երկու (հնագույն) ժողովուրդները կկարողանան հանգել փոխըմբռնման ու համատեղ նայել ապագային: Նա հիշեցրել է, որ հայերն ու թուրքերը երկար ժամանակ՝ 800 տարի, միմյանց հետ ապրել են (կիսել են) աշխարհագրական նույն տեղանքում, և կարող են սեփական ուժերով (իրենք իրենց մեջ) լուծել ծագած բոլոր խնդիրները, կարող են համատեղ ուժերով (առանց արտաքին միջամտության) գտնել կարգավորման ուղիներ:
Դավութօղլուն «հայ բարեկամներին» հրավիրել է ավելի հաճախ այցելել Թուրքիա՝ իրենց մտավախություններից ազատվելու համար. «Խաղաղությունն ու բարեկամությունը մեր հորիզոնն են»: