
Սելահաթթին Դեմիրթաշն ամոթալի է համարել Էրդողանի ապրիլքսանչորսյան հրավերը Սարգսյանին

Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Ստամբուլում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է 2015 թվականի ապրիլի 24-ին Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի տոնման կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրելը:
Դեմիրթաշը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այդ նախաձեռնությունը որակել է որպես ամոթալի քայլ. «Ի պատասխան 1915 թվականի դեպքերի 100-րդ տարելիցի՝ կառավարության այդ նախաձեռնությունն ամոթալի է: Ապրիլի 24-ին Դարդանելում պատասխան նախագիծ իրականացնելն ամոթալի է»:
Դեմիրթաշն ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունից ակնկալում է առերեսում և ապրիլի 24-ին ցավակցության հայտնում, մինչդեռ կառավարությունն անում է հակառակը. «Կառավարության աջակցությամբ պետք է ստեղծվի «ճշմարտության հանձնաժողով», որը պետք է առերեսվի Հայոց ցեղասպանության, ալևիների ու քրդերի դեմ իրականացված սպանդի հետ»: