Թամարա Յայլոյանի արձագանքը՝ Փաստաբանների պալատին. «Ինչ արել եմ` չեմ զղջում, բայց գոնե ձեզանից մեկը մի անգամ գրեր, հարցներ. «Թամարա՛, ի՞նչ ես զգում, ինչո՞ւ այդպես եղավ…»
Փաստաբան Թամարա Յայլոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդագրությանը:
Հիշեցնենք, որ ըստ փաստաբանների պալատի՝ իր հարցազրույցում նա հայտնել է, որ Վալերի Պերմյակովին իրավական օգնություն է ցույց տվել Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալի հրավերով, նաև հայտնել է, որ հրաժարվել է Վալերի Պերմյակովին իրավական օգնություն ցույց տալուց և հրապարակել է Վալերի Պերմյակովի ցուցմունքները, այդ իսկ պատճառով նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։
«Հարգելի փաստաբաններ, զգացված և ցնցված եմ օրենքի ձեր իմացությամբ: Ձեզանից շատերը մեծ ջանասիրությամբ այս ողջ ընթացքում փորձում էին մատնանշել իմ «սխալները», ուզում էիք ցույց տալ, որ շատ գիտեիք: Գիտե՞ք` ձեր գիտելիքներով զարմացրիք աշխարհին: Ես հիմա ՌԴ-ում եմ. ռուսական Առաջին հեռուստաընկերությունն է հրավիրել: Ես հիմա բոլորին` ի լուր աշխարհի կասեմ, որ հայ փաստաբանները գիտեն` վարույթն ով է իրականացնում այս հայտնի գործով` ՀՀ Շիրակի մարզի քննչական վարչությունը…
Հարգելի գյումրեցիներ, էլ ինչո՞ւ եք ցույցի դուրս գալիս. գործը տվել են հայերին, չէ՞ որ շատ փաստաբաններ կարծում են, որ ինձ հրավիրել է Շիրակի մարզի քննչական վարչությունը: Հարգելինե՛րս, էլի ինչ ուզում է գրեիք, ինձ համար մեկ էր: Ես իմ անելիքն արել եմ ու չեմ զղջում: Ձեզանից առաջ ես եմ ասել, որ խախտել եմ վարքագծի կանոն (չնայած որոշներդ շատ չուրախանք, դա էլ կարող եմ բացատրել), դուք չէ՞, որ պետք է ինձ հիշեցնեիք այդ մասին:
Ինչ արել եմ, էլի եմ ասում` չեմ զղջում, բայց գոնե ձեզանից մեկը մի անգամ գրեր, հարցներ. «Թամարա՛, ի՞նչ ես զգում, ինչո՞ւ այդպես եղավ, կարո՞ղ է քեզ վտանգ է սպառնում», հետո նոր անցներ` պայմանագրից ու վճարումից խոսեր:
Տպավորություն է, որ ձեզանից շատերը ավելի շատ հետաքրքրված էին Պերմյակովի շահերի պաշտպանությամբ կամ ձեր գործընկերով: Եվս մեկ անգամ կրկնում եմ` իմ ամեն մի արարքը բացատրություն ունի: Ուղղակի ձեզնից ոչ ոք չուզեց դրանք իմանալ և հասկանալ: Անչափ շնորհակալ եմ բոլորիդ, իսկապես շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր հոյակապ մեկնաբանություններ են գրել ու էլի իմ կողքին են: Ձեզ` բոլորիդ, հարգող` Թամարա Յայլոյան»,- գրում է Թամարա Յայլոյանը: