«Թաղամասի բնակիչները պատմում են, որ երբ հետախույզ շներին բերել են, որպեսզի Պերմյակովի հետքը գտնեն…». Ուշագրավ դիտարկումներ

Գյումրիից քաղաքագետ Գագիկ Համբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Գյումրիում բողոքի մեծ ալիք բարձրացրեց Հայաստանի իշխանությունների՝ ի դեմս դատախազի հայտարարությունը, որ Պերմյակովը պետք է դատապարտվի Ռուսաստանում:

Նա նշեց, որ Գյումրիում երեկ շատ խաղաղ էր, ժողովուրդը հավաքվել էր մոմավառության, բայց արդեն նախօրոք ուղարկվել էին ոստիկաններն ու ներքին զորքերը.

«Քաղաքի բնակչությունը հիմա ավելի շատ սպասում է Ռուսաստանի արձագանքին: Գյումրեցիները ոչ թե վախենում են, այլ պահանջատեր են: Եթե վախենային այդ առաջին օրերի հավաքներն էլ տեղի չէին ունենա, չէին գնա ռուսական 102-րդ ռազմաբազայի կենտրոնատեղի կամ Ռուսաստանի հյուպատոսարան: Նրանք պահանջում են, որ Պերմյակովը դատապարտվի մեր օրենքներով»:

Քաղաքագետը նկատեց՝ Գյումրիում երբևէ չեն քննարկել բազայի լինել-չլինելու հարցը. «Շատ են շեշտը դնում այս հարցի վրա: Խնդրում եմ՝ այդ ողբերգությունը չկապել բազայի հետ: Տեղին չէ, ոչ պրոռուսական հիստերիան, ոչ էլ՝ հակառուսական»:

Կարդացեք նաև

«Գյումրեցիները, չվստահելով ռուսական համապատասխան ատյաններին, պահանջում են, որպեսզի հետաքննությունը կատարվի Հայաստանում: Նրանց համար զարմանալի է, թե ինչպե՞ս մեկ ամիս Գյումրիում ծառայող 18-ամյա երիտասարդը այդպես շատ լավ գիտեր քաղաքի քարտեզը: Համապատասխան իր ստորաբաժանումից մոտ 5 կմ ոտքով քայլելով հասել է Ավետիսյանների ընտանիք:

Բացի դրանից՝ Արցախ թաղամասի բնակիչները պատմում են, որ երբ շներին բերել են, որպեսզի նրա հետքը գտնեն, շներն այնպիսի նրբանցքներով են գնացել, որ նույնիսկ թաղի բնակիչները այդ նրբանցքներով չեն երթևեկում: Ինչպե՞ս է այդքան լավ իմացել այդ տարածքը:

Գյումրեցիներին նաև հետաքրքրում է, թե ինչպե՞ս մեկ մարդ մտավ, 5 չափահաս մարդու տարբեր սենյակներում գնդակահարեց և ոչ ոք անկողնուց վեր չկացավ. բոլոր դիակները եղել են բնական ձևով անկողնու մեջ: Այդ բակն ընդհանուր բակ է ու, բացի նրանցից՝ երկու ընտանիք է ապրում. այդ կրակոցների ձայները ինչպե՞ս չեն լսել:
Բոլորի համար զարմանալի է նաև այն, որ եթե Պերմյակովը մարդասպան էր ու ցանկանում էր փախչել, ինչո՞ւ էր իր շորերն՝ իր անվանումով թողնում: Գյումրեցիներն ուզում են ստանալ այս հարցերի պատասխանները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս