Սուքիաս Ավետիսյան. «Ի՞նչ է նշանակում սգի մեջ գտնվող մարդկանց ուղարկել զորամասի զինված պահակախմբի վրա»

«Ողջ հասարակությունը և մենք՝ բոլորս, ակնկալում ենք մի շարք հարցերի պատասխաններ, որոնք դեռևս պարզվաբանված չեն իրավապահ մարմինների կողմից: Խնդիրը մեկն է. չփորձենք այսօր նորից սկսել քաղաքական շահարկումները, որը շատ ցավալի փաստ է: Երբ մարդիկ սգում են, չի կարելի դրանից օգտվելով քաղաքական սադրանքներ հրահրել՝ սեփական ամբիցիաների համար: Այլ հարց է, երբ խաղաղ ցույց է կազմակերպվում, մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, բայց սադրանքներ հրահրելը, այն էլ այս պարագայում և այս ձևով, հղի է մեծ վտանգներով»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Սուքիաս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ այդ ամենը շատ լավ գիտակցում են գյումրեցիները, սակայն չեն գիտակցում դրսից եկածները. «Նրանք չեն պատկերացնում, թե ինչ կարող էր պատահել, եթե հանկարծ հավաքվեին մի խումբ սադրիչներ, մարդիկ, որոնք արդեն չէին կարողանա իրենց տիրապետել, և գնային զորամասի վրա. դա արյունահեղություն է: Ես շատ լավ գիտեմ, և համապատասխան մարմիններն էլ գիտեն, թե դրանք ովքեր են, բայց հիմա չեմ ուզում արտահայտվել. նրանք արժանի չեն, որ ես նրանց անունները տամ:

Ի՞նչ է նշանակում սգի մեջ գտնվող մարդկանց ուղարկել զորամասի զինված պահակախմբի վրա: Ցանկացած զորամաս ունի իր կանոնակարգը, ունի իր պահանջները. նա պարտավոր է զգուշացնել, իսկ զգուշացնելուց հետո՝ կրակ բացել, բայց հետո՞: Առանց այն էլ մենք քի՞չ ենք անմեղ զոհեր տալիս»:

Ս. Ավետիսյանի խոսքով՝ այժմ Գյումրիում իրավիճակը նորմալ է, և տեղեկությունները, թե ամբողջ ներքին զորքերը երեկվանից Գյումրիում են, չեն համապատասխանում իրականությանը. «Գյումրիում ոչ մի լարված իրավիճակ չկա: Իրոք, ոստիկանապետը երեկ այնտեղ էր, ես՝ նույնպես: Մենք հանդիպել ենք, խոսել, քննարկել իրավիճակը: Այսօր տեղի կունենա երեխայի՝ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը եկեղեցում, վաղը կլինի հուղարկավորությունը, մարդիկ նորից կգան, կցավակցեն միմյանց, կսգան, մինչև պարզ կլինի, թե ինչ էր ուզում այդ դուրսպրծուկը»:

 

Տեսանյութեր

Լրահոս