Սարահարթ համայնքի ղեկավարը՝ զոհված Սուրեն Փիլոսյանի մասին. «Աշխատող երեխա էր շատ, ձգտող երեխա էր»
Ինչպես տեղեկացրել ենք, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում հրազենային վիրավորումից մահացել էր զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Վերջինս Լոռու մարզի Սարահարթ համայնքից է: Համայնքի ղեկավար Վասիլ Փիլոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Փիլոսյանը արդեն մեկ ու կես տարի է՝ ծառայում էր բանակում:
«Տուն գալուն մնացել էր 5-6 ամիս»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ նա աղքատ ընտանիքից է, մանկահասակ քույր ունի: Համայնքի ղեկավարն անձամբ է ճանաչել զոհված զինածառայողին, և մեզ հետ զրույցում նրան բնութագրեց որպես «շատ շնորհքով, խելոք երեխա». «Աշխատող երեխա էր շատ, ձգտող երեխա էր»:
Արդեն տեղեկցրել էինք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել և կորուստներ կրելով հետ են շպրտվել: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: