Նախորդ տարի 12-ամսյա գնաճը կազմել է 4.6%. ԱՎԾ
Ազգային վիճակագրական ծառայությունը 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրել է 3.0% գնաճ: Ըստ այսօր հրապարակված ցուցանիշների՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 5.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.7% հավելաճ:
2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների աճը կազմել է 4.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 6.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.6%, ծառայությունների սակագներինը՝ 3.0%:
2014թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից (0.5%): 2014թ. հունվար-դեկտեմբերին 2013թ. հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գնաճը կազմել է 3.0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 2.2%, ոչ պարենային ապրանքներինը` 1.7%, ծառայությունների սակագներինը` 5.1%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.7-4.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.7%-ով: