Հայաստանի կառավարությունը հաշվի չէր առել, որ Պուտինը գործում է «գողական մտածելակերպով». Պաատա Դավիթայա
Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Վրաստանի եվրոպական դեմոկրատների» առաջնորդ Պաատա Դավիթայան մեկնաբանել է Գյումրի ողբերգական դեպքերը. «Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է իբրև վասալ, և նրա հետ վարվում է այնպես, ինչպես որ խելքին փչում է:
Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանին հանձնել Գյումրիի սպանությունների համար մեղավոր զինվորին, քանի որ նախագահ Վլադիմիր Պուտինը գործում է «գողական մտածելակերպով». պատժի համար չհանձնել սեփական զինվորին մեկ ուրիշի:
Հայաստանի ու Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ եթե Ռուսաստանի քաղաքացին, զինվորը հանցանք է գործում Հայաստանի քաղաքացու դեմ, ապա նա պետք է դատապարտվի Հայաստանում և նրա դեմ պետք է սկսվի հետաքննություն:
Եթե նա հանցանք է գործում Ռուսաստանի քաղաքացու դեմ, ապա այդ դեպքում հետաքննությունն ընթանում է ռուսական օրենսդրության համաձայն: Հայտնի է, թե ինչ հանցանք է գործել Ռուսաստանի քաղաքացին. վերացրել է մի ամբողջ հայ ընտանիք, և ներկայումս իսկապես դրված է Հայաստանի իշխանություններին նրան հանձնելու խնդիրը:
Ռուսաստանի Դաշնությունը ձգտում է օրենքի տեսանկյունից առաջին հանցանք ներկայացնել դասալքությունը, որ զինծառայողն ինքնակամ լքել է ռազմաբազան, ինչի համար էլ նա գտնվում է ռուսական իրավասության ներքո: Սակայն ավելի ուշ կատարված սպանությունը շատ ավելի ծանր հանցանք է, քան՝ դասալքությունը:
Քանի որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և ընդհակառակը, եթե Ռուսաստանը ցանկանար հարթել խնդիրը, ապա առաջին իսկ օրը զինվորին կհանձներ Հայաստանին: Սակայն դժբախտաբար Հայաստանի կառավարությունը հաշվի չէր առել, որ Ռուսաստանի նախագահը գործում է «հասկացություններով». իր զինվորին պատժի համար չհանձնել մեկ ուրիշի:
Դրա համար էլ այստեղ առկա է «գողական մտածելակերպ», նրանց չի հետաքրքրում օրենսդրությունը, չի հետաքրքրում որևէ մոտեցում, ասում են, որ իրենք են դատելու: Հայ բնակչության մոտ հարցեր են ծագել. եթե Ռուսաստանն իրենց դաշնակիցն է, ապա ինչո՞ւ է նա այդպես վարվում իրենց հետո: Պետք է ասեմ նրանց, որ Ռուսաստանը Հայաստանին նայում է որպես վասալի, և նրա հետ վարվում է այնպես, ինչպես ցանկանում է»: