Հատուկ նշանակության անզորություն
Երեկ Գյումրին և ողջ Հայաստանը կրկին ալեկոծվեցին: Հրաշքը, որին սպասում էին բոլորը, տեղի չունեցավ. բժիշկներին չհաջողվեց փրկել Գյումրիի սպանդից ողջ մնացած՝ ընտանիքի վերջին անդամի՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Երեկ մինչ ուշ երեկո Գյումրին կրկին լարված վիճակում էր, մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժեր էին Երևանից տեղափոխվել Գյումրի:
Իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մտավախություն ունեն, որ ցանկացած պահի Գյումրիում հասարակությունը կրկին կարող է ոտքի կանգնել: Բայց հասարակության արդարացի պահանջի լուծմանն ուղղված քայլերի փոխարեն՝ իշխանությունն ընդամենը գյումրեցիներին վախեցնում է ոստիկանական ուժերով, որ, սակայն, ոչ թե ուժի, այլ թուլության նշան է:
Հայաստանի իշխանությունն այսօր այնքան անկարող վիճակում է, որ իր քաղաքացիներին պաշտպանում է միայն… մահվանից հետո ցավակցական ուղերձներ հղելով: