Ոստիկանությունը հսկողություն է սահմանել Գյումրիում ռուս զինվորականների բնակատեղիի նկատմամբ
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումայսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Գյումրիում բոլոր պետական հաստատությունների դիմաց ոստիկանական ուժեր են. «Ոստիկանության հատուկ ջոկատայինները թեև առերևույթ չկան, բայց բոլոր շենքերի դիմաց ոստիկանական մեքենաներ են, չնայած նրան, որ քաղաքում մեռելային, սարսափեցնող անդորր է: Սա նման է լռությանը՝ ամպրոպից առաջ: Ոստիկանությունը հասկանում է, որ ընդամենը կայծ է պետք, որ քաղաքը նորից բռնկվի»:
Ըստ Վահան Թումասյանի՝ գյուրեցիների բողոքը ուղղված է այն անտերության, այն բարձիթողի վիճակի դեմ, որը տիրել է քաղաքում, որի արդյունքում հնարավոր է եղել այս հանցագործության իրականացումը:
«Գյումրեցիների բողոքը քաղաքական նպատակներ չի հետապնդում, չկա քաղաքական ենթատեքստ, սա ավելի շատ հուսահատության բողոք է, որ մարդիկ ուզում են ասել, որ այսպես չի կարող շարունակվել, որ ոստիկանությունը պետք է պաշտպանի ոչ թե ռուսական հյուպատոսարանը, ռազմաբազան, կամ պետական հաստատությունները, այլ խաղաղ բնակչությանը»,- ասում է Թումասյանը:
Թումասյանը հավելեց նաև, որ ոստիկանական ուժեղացված հսկողություն է իրականացվում Գյումրիի «8-րդ գարադոկ» կոչվող տարածքում, որտեղ բնակվում են ռուս զինվորականները և նրանց ընտանիքի անդամները: Ոստիկանությունը մտավախություն ունի, որ գյումրեցիները կարող են վրեժխնդրության փորձ կազմակերպել, չնայած անձամբ Թումասյանը համոզված է, որ դա անհիմն մտավախություն է: