Բաժիններ՝

«Գուցե մեր իշխանությունները ամաչում են…». Ինչու ուշացավ նախագահի ցավակցական ուղերձը

«Ինձ համար շատ զարմանալի էր, որ Սերժ Սարգսյանն առաջին օրերին բացարձակ ելույթ չունեցավ, և ելույթ էին ունենում միայն ԱԺ-ի մակարդակով, պատգամավորները»,- 168.am-իհետ զրույցում՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սպանված Ավետիսյանների ընտանիքին այսօր արված ցավակցական ուղերձի մասին՝ նման տեսակետ հայտնեց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համաբարյանը:

Հիշեցնենք, որ այսօր մահացավ Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամը՝ 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանը:

Քաղաքագետը նկատեց, որ Հանրապետության վարչապետն էլ բացարձակ ոչ մի մեկնաբանություն չտվեց այս իրադարձությունների վերաբերյալ. «Թաղման արարողությանը մասնակցում էր Գալուստ Սահակյանը՝ ԱԺ նախագահը, կային պատգամավորները»:

Ըստ քաղաքագետի՝ նախագահի ցավակցական ուղերձը, իհարկե, ուշացած էր. «Բայց հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները արդեն Սերյոժայի մահից հետո ավելի պահանջատեր կլինեն ռուսական կողմից: Ես նաև ուշացած եմ համարում  Վլադիմիր Պուտինի զանգը Սերժ Սարգսյանին և ցավակցական ուղերձը հայ ժողովրդին և Ավետիսյանների ընտանիքին: Ես նաև ուշացած եմ համարում Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Սերյոժա Ավետիսյանին հատուկ ինքնաթիռով Մոսկվա տեղափոխելու մասին, որպեսզի այնտեղ զբաղվեն նրա ապաքինման հարցով, որովհետև արդեն հասկացանք, որ ուշ էր»:

Հարցին՝ այս ուշացած գործողություններն ինչո՞վ եք պայմանավորում, քաղաքագետն այսպես պատասխանեց.

«Ես մեր Հայաստանի իշխանությունենրի պարագայում չեմ կարող նշել, գուցե, մեր իշխանությունները ամաչում են, որ երկրի երկրորդ մեծության քաղաքում ՌԴ 102-րդ ռազմաբազայի մի ճիվաղ զինվորական սպանդ կազմակերպեց և իրենք չկարողացան դա  կանխել: Իսկ ինչ վերաբերվում է ռուսական կողմին, ապա սա փորձ է մեղմել այն հակասական տպավորությունը, որը թողեցին ռուսական պաշտոնյաները և, ինքնըստինքյան, ռուսական ԶԼՄ-ները, որովհետև միայն երեկ էր, որ ռուսական կենտրոնական հեռուստաընկերությունները անդրադարձան Գյումրիում տեղի ունեցած սպանդին»:

Քաղաքագետը կարծում է՝ հիմա փորձում են մեղմել իրավիճակը, որովհետև տեսնում են, որ այս անգամ գյումրեցիները, հայ ժողովուրդը արդեն էլ չներեց այն, ինչ կատարեց Վալերի Պերմյակովը մեր երկրում.

«Մինչ այդ՝ գյումրեցիները շատ ներողամիտ են եղել,  բավական մեծ քանակությամբ հանցագործություններ են ներել նույն ռուսական զինվորական բազայի ծառայողների կողմից թույլ տրված, բայց սա արդեն գագաթնակետն էր, որովեհտև այս հանցագործությունը ոչնչի հետ համեմատել հնարավոր չէ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս