Կրեմլը պահանջում է Ուկրաինայում իշխանությունից հեռացնել Յացենյուկին ու Տուրչինովին. The Daily Beast
Ամերիկյան The Daily Beast պարբերականին տված հարցազրույցի ժամանակ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Սերգեյ Մարկովը, որին պարբերականը որակում է որպես «Վլադիմիր Պուտինի ոչ պաշտոնական ստրատեգ», հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում Ուկրաինայի հետ իրական խաղաղության, քանի դեռ այդ երկրում իշխանության մեջ են գտնվում մի շարք քաղաքական գործիչներ.
«Խաղաղության մասին որևէ բանակցություն չի անցկացվի, քանի դեռ որոշակի քաղաքական գործիչներ որոշումներ են ընդունում Կիևում: Նրանք ցանկանում են Ռուսաստանը ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ, քանի որ միայն այդպես կարող են մնալ իշխանության ղեկին»:
Մարկովը մանրամասնել է, որ Կրեմլը ցանկանում է իշխանությունից հեռացնել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին, Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին ու պատգամավոր Անդրեյ Պարուբիին:
Պարբերականը հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում Տուրչինովը զգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է սանձազերծել մայրցամաքային լայնամասշտաբ պատերազմ, կամ էլ շարունակել Ուկրաինային հյուծել Դոնբասի ահաբեկիչների միջոցով: Մարկովն ընդգծել է, որ դա կարող է տեղի ունենալ, եթե ուկրաինական բանակն անցնի հարձակման:
Մարկովը հայտարարել է, որ Պուտինին խորհուրդներ է տվել Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի միջոցով, և Ռուսաստանի նախագահը երբեմն լսում է այդ խորհուրդներին, իսկ երբեմն՝ ոչ: