Խոդորկովսկին հայտնել է, թե որն է նախորդ տարեվերջին ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման պատճառը
Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար ու նախկին քաղբանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ձեռքով ղեկավարելը Վլադիմիր Պուտինի վարչակարգի գլխավոր խոցելի կետերից մեկն է:
Խոդորկովսկին կարծում է, որ հենց այդ պատճառով է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին գրանցվեց ռուբլու փոխարժեքի ռեկորդային անկում. «Պուտինը զբաղված էր Ուկրաինայում, և չեն կարողացել ժամանակին զանգահարել նրան, որպեսզի նա արտոնի շուկայի կայունացման համար Կենտրոնական բանկի գումարների օգտագործումը:
Կենտրոնական բանկի պահուստները գործարկելու համար անհրաժեշտ էր Պուտինի անձնական հրամանը: Իսկ Կենտրոնական բանկի նախագահը չի կարողացել կապ հաստատել Պուտինի հետ, քանի որ Պուտինը զբաղված է եղել այլ խնդիրներով: Եվ մեկ օրով փոխարժեքը փլուզվել է: Հետո այն վերականգնեցին, սակայն երկրի համար դա շոկ էր:
Պուտինի ստեղծած վարչակարգն ունի օրգանական մեկ խնդիր. նա չի կարող միաժամանակ կառավարել մի քանի ճգնաժամ: Նա կարող է գլուխ հանել գործնականում յուրաքանչյուր հզորության մեկ ճգնաժամից, քանի որ նրա ձեռքում է ռուսական պոտենցիալի զգալի մասը:
Իսկ երբ ճգնաժամերի թիվը դառնում է երկու, ինչպես որ ներկայումս է` Ուկրաինա ու տնտեսական ներքին խնդիրներ, այն սկսում է փլուզվել: Իսկ երբ կգրանցվի երրորդ ճգնաժամը, համակարգն ընդհանրապես կարող է և չկառավարվել»: