
Թուրքիան բողոք է հայտնել Իտալիային

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պարզաբանում է պահանջել իր իտալացի գործընկեր Մատեո Ռենցիից, ով ավելի վաղ զարմանք էր հայտնել, որ Դավութօղլուն նախորդ շաբաթ մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Միասնության երթին:
Նախօրեին Ռենցին La7 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ այնպիսի պայմաններում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փակում է ԶԼՄ-ներն ու կալանավորում է լրագրողներին, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայում մամուլի ազատությունը պաշտպանելու փոխարեն մեկնել է Ֆրանսիա:
Դավութօղլուն կտրականապես դատապարտել է Ռենցիի այդ հայտարարությունը` Բրյուսելից Թուրքիա վերադառնալու ճանապարհին օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին. «Ռենցիի հայտարարությունն անընդունելի է, և ես նրանից պահանջում եմ պարզաբանում:
Մենք արդեն իսկ բողոք ենք հայտնել Իտալիային: Եթե Իտալիայի վարչապետը չներկայացնի բացատրություն, մենք միջազգային մակարդակում կպատասխանենք առավել կոշտ հայտարարությամբ»: