Բաժիններ՝

«Էրեբունի» շուկայի հարակից տարածքի փլուզման պատճառը «Երևան Սիթիի» համար նախատեսված հիմնափոսն էր (տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 16-ի լույս 17-ի գիշերը,  ժամը 02:00-02:30-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել  Երևանի Էրեբունի վարչական շրջանում:

Փլուզվել են նախկին «Էրեբունի» շուկային հարակից գտնվող մի քանի տաղավար-խանութները, որոնք  ամբողջովին հավասարվել են հողին: Տաղավարներից մի քանիսն էլ փլուզման վտանգի առջև են հայտնվել: 168.am-ի լրագրողի հետ զրույցում այդ խանութներից ոմանց սեփականատերերը և աշխատակիցները նշել են, որ տեղի ունեցած  փլուզման մասին նախապես զգուշացվել էր փլուզված խանութների սեփականատերերին և աշխատողներին:

Հիշեցնենք, որ դեռևս 2013թ. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր գնել  էրեբունու (Արեշի) շուկան՝  «Երևան սիթի»  սուպերմարկետ բացելու նպատակով: Առևտրականներին տարածքն ազատելու, առևտրային նոր տարածք գտնելու և տեղափոխվելու համար պատգամավորը ժամանակ էր տվել: Կարճ ժամանակ անց շուկայի տարածքը լքեցին գյուղմթերքի առևտրով զբաղվողները, այնուհետև՝ հագուստի բաժինների աշխատակիցները:

Անցյալ տարի ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան նաև այն մասին, որ առևտրի կենտրոնի կառուցման տարածքից դուրս են հանվելու նաև Էրեբունի փողոցի վրա գտնվող մի քանի խանութ-կրպակներ, որոնց վարձակալողներին ևս ժամանակ էր տրվել տարածքն ազատելու համար:

Գիշերը տեղի ունեցած փլուզման հետևանքով առևտրային մի քանի տաղավարներ գրեթե ամբողջությամբ ընկել են առևտրի կենտրոնի համար նախապես փորված հսկայական հիմնափոսի (катлаван) մեջ, իսկ մի քանիսը փլուզման վտանգի առջև են: Այդ խանութներից մի քանիսի մեջ եղել են նաև իրեր: Այստեղ են տեղադրված նաև «Ամերիաբանկի», «Արդշինինվեստբանկի», «Արմկոնվերսբանկի» մի քանի բանկոմատներ, որոնք նույնպես վնասվել են: Բարեբախտաբար, մարդկային զոհեր կամ վնասվածքներ ստացողներ չկան: Եթե դեպքը տեղի ունենար ոչ ուշ գիշերվա ժամին, այլ օրը ցերեկով, ապա դժվար է ասել, թե դա ինչ ծանր հետևանքներ կարող էր ունենալ առևտրային տաղավարների աշխատակիցների ու այցելուների համար:

Թեև մեզ հետ զրույցում շուկային հարակից շենքերի բնակիչները պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 2:30-ի սահմաններում, սակայն միայն վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում է ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ նախկին «Էրեբունի» շուկայի տարածքում փլուզում է տեղի ունեցել: Հարակից շենքերի բնակիչները նաև պատմում էին, որ այդ պահին ուժեղ ձայն են լսել, իսկ առավոտյան իմացել են կատարվածի մասին: Փլուզման հետևանքով նաև անջատել էին շուկային հարակից շենքերի ջրամատակարարումը, որը մեր այցելության պահին արդեն միացված էր:

Դեպքի վայրում մեր  գտնվելու ընթացքում այնտեղ համապատասխան աշխատանքներ էին կատարում «Երևան-ջուր» ընկերության աշխատակիցները, որոնք մեզ հայտնեցին, որ անջատում են փլուզված խանութների ջրամատակարարումը, որպեսզի ջուրը չլցվի փորված հսկայական փոսի մեջ:

Արտակարգ իրավիճակների նախարարության, Երևանի փրկարարական վարչության Էրեբունի բաժնի պետ Սարգիս Ավետիսյանը, ով նույնպես գտնվում էր դեպքի վայրում, նշեց, որ կարևորն այն է, որ մարդկային զոհեր չկան, իսկ ֆինանսական փոխհատուցման հարցերը կպարզվեն: «Այս պահին ես այստեղ հերթապահում եմ, իսկ Ոստիկանությունը հասարակական կարգն է պահպանում, մինչև տեսնենք՝ ի՞նչ ենք անելու: Փրկարարների այստեղ գտնվելն անիմաստ է: Առավոտյան եկել են այստեղ, ստեղծել են անվտանգ գոտի, համոզվել են, որ մարդկային վնաս չկա, ամեն րոպե ավելի թեժ բան կարող է լինել, որ իրենց կարիքը կզգացվի»,- նշեց նա:

Նշենք նաև, որ մեզ հետ զրույցում վնասված խանութներից մեկի սեփականատերը տեղեկացրեց, որ իրենից նախօրոք գնել են այդ տարածքը և պայմանավորվել, որ ինքը կաշխատի այդ տարածքում այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի: Դեպքից երեք օր առաջ նրան զգուշացրել են, որ հնարավոր է՝ փլուզում լինի, ու նա տարածքից դուրս է բերել իր ապրանքը: Մեր զրուցակիցը  չհստակեցրեց, թե ով է եղել այն անհատը կամ ընկերությունը, որը պայմանավորվածություն է ձեռք բերել իր հետ:

Ըստ այդ տարածքի բնակիչների՝ տարածքում կառուցվող առևտրի կենտրոնի շինարարության համար նախատեսված հիմքը փորելու պատճառով է տեղի ունեցել փլուզումը: Ըստ շուկայի հարևանությամբ ապրող բնակիչներից մեկի՝ տեղի ունեցածն ամենևին էլ սողանքների հետևանք չէ, ինչպես փորձում են ներկայացնել պաշտոնական մարմինները, այլ դիտավորյալ է արված: Հիմնափոսն այնքան խորն էին քանդել, որ վնասվել են առևտրային տաղավարների, ճանապարհաեզրի հիմքերը և փլուզում է տեղի ունեցել:

Մեկ այլ խանութի աշխատակից էլ պատմեց, որ իրենց նույնպես զգուշացվել է այս իրավիճակի մասին ու փոխհատուցվել է այդ ամսվա վարձը, որը նրանք վճարում էին շենքի սեփականատիրոջը: Դեպքի վայրում, սակայն,  տարածքի սեփականատերերից ոչ ոք չկար:

Erbuni-pluzum (2)

Ի դեպ, Երևանում քաղաքաշինության ոլորտում ապօրինի կառուցապատումների գործընթացում վաղուց արդեն օրինաչափ երևույթ է դարձել կեսգիշերից հետո գաղտնի շինարարությունը, գաղտնի կառուցապատումը: «Գաղտնի» ասվածը շատ պայմանական է, քանի որ այն տեղի է ունենում քաղաքաշինության ոլորտի բոլոր պատասխանատուների՝ նախարարի, քաղաքապետի, թաղապետերի, քաղաքապետարանի և թաղապետարանների աշխատակիցների իմացությամբ և թողտվությամբ: Նրանք կառուցապատողներին հորդորում են կառուցապատումը և շինարարական աշխատանքները կազմակերպել կեսգիշերից հետո, որպեսզի բնակիչների կողմից ահազանգեր չլինեն: Եվ ցանկալի է դա անել հատկապես ուրբաթ օրերին: Առավոտյան մենք՝ բնակիչներս, արթնանում ենք և տեսնում, որ շենքի հարակից հատվածում, տանիքին կամ շենքի կողքին կցակառույց է «հայտնվել», ավելին, շարունակում է վեր խոյանալ: Այնպես որ, չի բացառվում, որ ՀՀԿ-ական պատգամավորն էլ է նույն ձեռագրով գործել, ուրբաթ՝ լույս շաբաթ օրով:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
Լուսանկարները՝ «Ա1+»-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս