Ի՞նչ կապ ունի Պերմյակովի աղանդավոր լինելու հանգամանքը կատարված սպանության հետ, և ինչո՞ւ է նա սպանությունը կատարել հունվարի 12-ին

«Այն դաժանությունը, որը կատարվել է Գյումրիում, պետք է նախևառաջ դաս լինի մեր ղեկավարության համար, որ կարողանան վերահսկել ցանկացած անձի, ով ունի զենք կրելու իրավունք»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն»-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Նա իր խոսքում հաստատեց այն հանգամանքը, որ Պերմյակովի ծնողներն աղանդավորական կազմակերպության անդամներ են. «Նրա հայրը և մայրը խարիզմատիկ եկեղեցու հովիվներ են: «Հույս, հավատ, սեր» անվանումը կրող այդ եկեղեցին ստեղծվել է 1987 թվականին, վերադասը «Փրկությունը Հիսուսի մեջ է» կոչվող եկեղեցին է, իսկ վերջինիս վերադասը «Ռուսական ավետարանական քրիստոնեական» եկեղեցին է: Սրանք հոգեգալուստականներն են, 50-ականներն են, որոնց վերադասը գտնվում է ԱՄՆ-ում, միջազգային եկեղեցին՝ Ֆիլադելֆիայում: Բոլոր այս եկեղեցիների ղեկավարները հիմնականում ազգությամբ ուկրաինացիներ են: Ես կցանկանայի, որ իրավապահ մարմիններն ուշադրություն դարձնեն այն հանգամանքին, թե ինչ կապ ուներ Պերմյակովն Ավետիսյանների հետ, վերջիններս Ռուսաստանում կոնկրետ որտեղ են աշխատել: Հնարավոր է, որ ծանոթությունը եղել է ոչ թե այդ պահին, այլ մինչև սպանություն կատարելը: Սրանք իհարկե ենթադրություններ են, որոնց պետք է անպայման ուշադրություն դարձնել»:

Իսկ ինչի՞ են ընդունակ այդ եկեղեցիների անդամները: Ա. Ամարյանի խոսքով՝ տվյալ եկեղեցին ունի մի գաղափարախոսություն, որը կոչվում է «Ջի-12»: Այն եկեղեցու ղեկավարման մեխանիզմ է, և 12 թվի հետ կապված՝ անդամներն ունեն որոշ գաղափարներ, որոնց մեջ կա նաև մեղք գործած մարդկանց մեղքերի վերադարձը: Ամարյանի խոսքով՝ եթե հաշվի առնենք, որ սպանությունը կատարվել է ամսի 12-ին, ապա առավել կարևոր է դառնում գործի հատուկ ուսումնասիրությունը:

Ամփոփելով իր խոսքը՝ Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ կրոնական, աղանդավորական կառույցները բավականին ակտիվացրել են իրենց գործունեությունը Հայաստանում՝ հիմնականում աշխատելով երիտասարդների ուղղությամբ: Մատնանշելով Հայ առաքելական եկեղեցու պասիվությունը՝ Ամարյանն ասաց, որ պետք է պետական մակարդակով սահմանափակել աղանդավորների այդ ակտիվությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս