
2015 թվականը միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը չէ. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք Հայոց ցեղասպանության հարցում հայկական պնդումների դեմ ունեն իրենց աշխատությունները, որոնք ներկայացվում են համակարգված ձևով:
Չավուշօղլուն հայտարարել է, որ «ջենթլմենների պատերազմ» անվանմամբ հայտնի Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի կապակցությամբ նախագահ Ռեջեփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հրավեր-նամակներ են հղել 102 երկրի առաջնորդների:
Նրա խոսքերով` Թուրքիան այդ հարցում որևէ խտրականություն չի կիրառել և հրավերներ է ուղարկել Առաջին համաշխարհային պատերազմին ու Դարդանելի ճակատամարտին մասնակից բոլոր երկրներին:
Չավուշօղլուն խոստովանել է, որ օսմանյան բանակում ծառայել են նաև հայ զինվորները` նրանց մի մասին մեղադրելով երկրի արևելքում «ապստամբություն բարձրացնելու» մեջ:
Չավուշօղլուն հայտարարել է, որ 2015 թվականը ոչ միայն հայկական պնդումների (Հայոց ցեղասպանության), այլև` Դարդանելի ճակատամարտի 100-րդ տարեդարձն է: