
Գագիկ Մինասյանը բնական է համարում, որ միջազգային կառույցները փոխում են ՀՀ տնտեսական աճի կանխատեսումները

«Վերջին ժամանակներս քանի որ բավականին դինամիկ զարգացումներ են գնում, որոնք վերաբերում են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ընթացող գործառույթներին, միջազգային կառույցները բավականին հաճախ փոխում են իրենց կանխատեսումները»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե միջազգային կառույցները 2015թ-ին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում են շատ ավելի փոքր մեծությունը (օրինակ՝ ՀԲ-ն 3.3%), քան դրված է պետական բյուջեի հիմքում (4.1%):
Ըստ նրա՝ դա բնական է, որովհետև առկա խնդիրները ոչ միայն տնտեսական են, այլև իրենց հիմքում ունեն քաղաքական կնճիռներ, որոնց լուծումներն էապես կբերեն տնտեսական իրավիճակի փոփոխությանը: Գ.Մինասյանի խոսքով՝ այդ առումով պատահական չի, որ բավականին հաճախ այդ կանխատեսումներ անող կառույցներն իրենք իրենց կանխատեսումները փոփոխում են:
«Առայժմ, քանի դեռ դինամիկ կայուն վիճակ չի, այդ կանխատեսումների փոփոխությունները շատ տրամաբանական կարելի է համարել»,- ասաց Գ.Մինասյանը: