Բաժիններ՝

Սերգեյ Սմբատյանը և Ջոն Մալկովիչը մեկ բեմում

Հունվարի 14-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։ Համերգը կայացել է Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում։

Համերգն առանձնահատուկ է իր ձևաչափով. երեկոյի շրջանակներում միահյուսվել էին դասական երաժշտությունն ու գրականությունը։ Հանդիսատեսն ականատես եղավ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր երաժշտական գործիչ Ալֆրեդ Շնիտկեի Դաշնամուրի և լարային նվագախմբի կոնցերտի կատարման և Լատինական Ամերիկայի ամենահետաքրքիր գրողներից մեկի՝ Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելի ընթերցանության միաժամանակյա համադրությանը: «Հերոսների և գերեզմանների մասին» նովելը համարվում է 20-րդ դարի արգենտինական լավագույն վեպերից մեկը՝ այսպես կոչված, «կախարդական ռեալիզմ» ուղղության փայլուն նմուշ, որի հիմնադիրները Սաբատոյի հետ միասին Բորխեսը, Ամադուն ու Մարկեսն են:

Համերգային ծրագրի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկան դաշնակահար Քսենիա Կոգանը, սոպրանո Յերեե Սուհը և ասմունքող, հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը:

Նշենք, որ Ջոն Մալկովիչն աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան է, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, ով 1978թ. իր առաջին դերի մարմնավորման պահից մինչ օրս նկարահանվել է 172 ֆիլմերում, հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում: Մալկովիչն արժանացել է բազում հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ 2 «Օսկար», 3 «Ոսկե գլոբուս», 3 «Էմմի» և այլն:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս