Քրեագետը մանրամասներ է հայտնում օրենքով գողերի հայաստանյան հավաքի մասին. «Իսկապես պատմական հավաք է եղել»
Քրեագետ Սերգեյ Գալոյանն այսօրվա ասուլիս ժամանակ խոսեց վերջերս հայկական լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրած Հայաստանում տեղի ունեցած օրենքով գողերի հավաքի մասին: Նա տեղեկացրեց, որ հավաքն ի սկզբանե նախատեսված էր անց կացնել դեկտեմբեր ամսին, Մոսկվայում. «Բայց քանի որ Մոսկվայի ռուս իրավապահներն իրենց երկրում կանոն պահպանելու համար ամեն ինչ անում են, սրանց իմաց էին տվել և ասել էին՝ հանկարծ այստեղ եղաք, կբռնենք»:
Հարցին՝ այսինքն՝ մեր երկրում կանոն չի պահպանվո՞ւմ, Ս. Գալոյանը պատասխանեց, որ դա այդպես չէ, և հավաքի վայրը չեն ընտրել դրա համար.
«Ամենաճիշտը ես համարում եմ Աշոտ Ահարոնյանի պատասխանը, որի հետ ես լիովին համաձայն եմ: Այս երկիրը փակ երկիր չէ: Մեր երկիր կարող է մտնել ցանկացած մարդ»:
Քրեագետի խոսքով՝ հավաքին մասնակացել է ավելի քան 100 մարդ. «Անուններով դուք գիտեք, եղել են՝ Ռոբինզոն Արաբուլին (մականունը՝ Ռոբինզոն), Գեորգի Ուգլավան (մականունը՝ Տախի), Վարժա Բիգանաշվիլին, Ալեք Շիշկանովը և այլն: Գեորգի Ուգլավային զրկեցին օրենքով գողի կոչումից»:
Ս. Գալոյանը տեղեկացրեց նաև, որ ազգությամբ հայերի չեն զրկել օրենքով գողի կոչումից:
Նա նաև հերքեց այն տեղեկությունները, թե ծեծկռտուք է եղել հավաքի ժամանակ. «Ոչ մի բան էլ չի եղել, հավաքն անցել է շատ հանգիստ»:
Քրեագետը նշեց, որ 2008 թվականից կարգվել է 250 օրենքով գող: Ըստ նրա՝ այս հավաքից հետո շատ կարևոր մի որոշում է կայացվել «այս աշխարհի« համար. «Այդ 250 հոգուն համարել են ձգտողներ, ոչ թե օրենքով գողեր»:
Ս. Գալոյանի խոսքով՝ դա իսկապես պատմական հավաք է եղել:
Օրենքով գող կարգվելու համար անհրաժեշտ են մի քանի կետեր. «Նա պետք է երբևէ ամուսնացած չլինի, երբևէ սովետական, պետական հիմնարկներում աշխատած չլինի, չպետք է ծառայած լինի որևէ երկրի զինված ուժերում, չպետք է ունենա սեփականություն, չպետք է երբևէ որևէ տեղ ոստիկանությունում որևէ ստորագրություն թողած լինի՝ անգամ որպես վկա: Նստած եղե՞լ է, թե՞ ոչ՝ այնքան էլ կարևոր չէ»,- նշում է քրեագետը:
Օրենքով գողերի աշխարհում կին չկա: Ս. Գալոյանի խոսքով՝ իրենք կանանց չեն ընդունում:
Հարցին՝ ճի՞շտ է, որ բոլորը այցելել են «Սվո Ռաֆի» գերեզմանին, քրեագետն այսպես պատասխանեց.
«Պարտավոր էին այցելել»: