Արցախում բոտուլիզմի դեպք է արձանագրվել

Օրերս հանրապետության տարածքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումը:

ԼՂՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ Մարտունու շրջանի Ճարտար գյուղի 47-ամյա բնակչուհին օգտագործել է կարմիր պղպեղի պահածո, որից հետո տուժածի ինքնազգացողությունը վատացել և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Ընդունման պահին բժիշկները հիվանդի վիճակը գնահատել են ծանր: Հիվանդը ստացել է հակաբոտուլինային շիճուկ: Ներկա դրությամբ վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բուժումը շարունակվում է:

ԼՂՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասնագետների կողմից սննդային թունավորման օջախում իրականացվել են բոլոր հակահամաճարակային միջոցառումները: Ընտանքի 3 անդամներն, որոնք օգտագործել են նույն սնունդը, պրոֆիլակտիկ նպատակով ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Մանրէաբանական օջախից վերցված կարմիր պղպեղը ենթարկվում է մանրէաբանական հետազոտության:

ԼՂՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչիների վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և թույն են արտադրում: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-1300C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, ինչը տնային պայմաններում հնարավոր չի իրականացնել:

Ուշադրություն` բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:

Բոտուլիզմից խուսափելու համար ԼՂՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

• խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից

• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե

• չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից և պատահական վայրերից

• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

Տեսանյութեր

Լրահոս