
Միխայիլ Պողոսյանը լքում է «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» ղեկավարի պաշտոնը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Միխայիլ Պողոսյանը լքում է «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» ղեկավարի պաշտոնը: Պայմանագիրը նախատեսված է եղել մինչև 2016 թվականի փետրվար, սակայն արդեն հունվարի 16-ին տնօրենների խորհուրդը կարող է պաշտոնանկ անել Պողոսյանին:
Դրա հետևանքով էական փոփոխության կենթարկվի ռուսական պաշտպանական ոլորտում առկա ուժերի հավասարակշռությունը: «Սուխոյ» հոլդինգի ղեկավար Միխայիլ Պողոսյանը 2011 թվականին «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» նախագահի պաշտոնում փոխարինել է Ալեքսեյ Ֆյոդորովին:
«Միացյալ ավիաշինական կորպորացիան» ստեղծվել է 2006 թվականին: Այն սկզբնական շրջանում դիտարկվել է որպես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առանց ղեկավարի ու ուղղորդող ուժի մնացած ավիաարդյունաբերության ինտեգրման ընկերություն, որի դերը մինչև 1991 թվականը կատարել է ավիաարդյունաբերության նախարարությունը:
Պողոսյանը, ով աճել է «Սուխոյի փորձարարական-կոնստրուկտորային բյուրոյի»՝ ներկայումս հանգուցյալ ղեկավար Միխայիլ Սիմոնովի թիմում, հայտնի է որպես բարդ նախագծերի գծով մենեջեր: Նա ֆինանսական տեսանկյունից բարդ տարիներին առաջ է տարել Су-35С կործանիչի նախագիծը, ինչպես նաև քաղաքացիական նշանակության Sukhoi Superjet օդանավը: