Բաժիններ՝

Վահագն Չախալյան. Նման անհիմն հերյուրանքներ տարածողների դեմն առնելու ժամանակն է

Վրացական «Գռուզիա օնլայն» կայքում տպված, այնուհետև մի շարք ադրբեջանական կայքերի կողմից արտատպված, ս/թ նոյեմբերի 13-ին ոմն Կարինե Գրիգորյանի կողմից արված հրապարակումը, ըստ որի իբր թե ես՝ Վահագն Չախալյանս, Ջավախքում կազմավորել եմ 60-70 անձից բաղկացած զինված խմբավորում` ցանկանալով տեղում իրականացնել անհնազանդություն, ծիծաղելի է, անհեթեթություն և իրականանության հետ ոչ մի աղերս չունի:

Պարզորոշ է, որ այս ապատեղեկատվությունը՝ վերակենդանացման փորձեր անող Մ. Սահակաշվիլու պատվերով իրականացված, հերթական հիվանդագին դրսևորման արդյունքն է, հերթական սադրանքը, ձեռագիր՝ որով վերջիններս տարիներ շարունակ ցանկացել և այսոր էլ ցանկանում են Վրաստանի ապակայունացման հետ մեկտեղ թշնամանք սերմանել իրար կողք դարերով համերաշխ ապրած երկու Քրիստոնեա ժողովուրդների միջև:

Ինչպես իմ, այնպես էլ ջավախահայության համար խիստ կարևոր է Ջավախքի և ողջ տարածաշրջանի կայունության պահպանումը և խաղաղ, բնականոն զարգացումը, որի համար մենք չենք խնայել և հետագայում ևս չենք խնայելու ոչ մի միջոց  ու ջանք:

Իմ ազատ արձակաման լուրից «ցնցված», այդ ցնցումից զբաղեցրած պաշտոնից հրաժարված, այնուհետև այդ «հայրենանվեր» քայլի համար  Պատվո Օրդենի շքանշանի արժանացած այս տիկինի հայտարարությունը, որքան էլ անհեթեթ, այդուհանդերձ իր մեջ պարունակում է ծանրագույն մեղադրանքներ, և շարունակությունն է այն հայատյաց , ազգամիջյան թշնամանք հարուցող հայտարարությունների շքերթին, որոնք տարիներ ի վեր հնչել են Սահակաշվիլու և նրա թիմակիցների շուրթերից:

Ելնելով այդ հանգամանքից՝ կոչ եմ անում Վրաստանի պատկան մարմիններին վերջապես միջոցներ ձեռնարկել   և պարզել  մեղադրանքը հնչեցրած անձնավորության «աղբույրները», ինչպես նաև պարզել սադրիչ ապատեղեկատվության հրապարակման իրական պատվիրատուներին, վերջիններիս հետապնդած իրական նպատակները և պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին:

Վրաստանի և ոչ մի քաղաքացի, անգամ կորցրած  պաշտոնը հետ բերելու հիվանդագին մոլուցքից տառապող՝ Միխայել Սահակաշվիլին,  իրավունք չունի ազգամիջյան ատելություն և անվստահություն առաջացնող հայտարարություններ տարածել, անկախ նրանից, թե որ ազգի, կամ կրոնի ներկայացուցչի բերանով է այն տարածում…

Վահագն Չախալյան
14.01.2015 թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս