
Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայում կալանավորվել է երկու ոստիկան

Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով կալանավորվել է երկու ոստիկան՝ Մուհիթթին Զենիթն ու Օզքան Մումջուն: Դա տեղի է ունեցել Դինքի սպանության հանգամանքների վերստին հետաքննման շրջանակներում:
Մուհիթթին Զենիթը Դինքի սպանության ժամանակ ծառայել է Տրապիզոնի անվտանգության ծառայության հետախուզության բաժանմունքում: Նրան կալանավորել են կոմիսար Օզքան Մումջուի հետ միասին:
Դա առաջին դեպքն է, երբ Դինքի գործով դատավարության ժամանակ կալանքի տակ է վերցվում երկու ոստիկան: Նրանք մեղադրվում են «ծառայողական անփութություն ցուցաբերելու» ու «անզգուշաբար մարդու մահվան պատճառ հանդիսանալու» մեջ: