Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի Պերմյակովին Հայաստան ուղարկելու համար. Ցիգանոկ
«Ռուսական կողմը պետք է խստացնի Հայաստան ուղարկվող զինծառայողների ընտրության կարգը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը` անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորի կատարած ոճրագործությանն ու ռազմաբազայի գործունեության վերանայման անհրաժեշտությանը:
Նա նշեց, որ սովորաբար Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազա ծառայության ուղարկելու համար ընտրվում են ամենակարգապահ և օրինակելի զինծառայողները: Ըստ նրա` այդպես եղել է և ԽՍՀՄ ժամանակաշրջանում, և ներկայում:
«Մի քանի վարկած կարող է այստեղ լինել, այդ թվում և այն, որ նա խելագար է: Երբ խոսում ենք հասարակության մասին, դա խոսում է նաև այն մասին, որ ոչ բոլոր զինծառայողներն են առողջ դատում: Ուստի, ես կարծում եմ, որ այն մարդը, ով փախուստի է դիմել և կրակելով սպանել է մի ողջ ընտանիք, ակնհայտորեն խելագար է եղել:
Բնական է, որ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի նման զինծառայողի համար, և ես կարծում եմ, որ նման միջադեպերից և այս միջադեպի մանրազնին հետաքննությունից հետո ընտրության մեխանիզմը պետք է փոխվի: Իմ համոզմամբ` շատ ավելի խիստ պայմաններ պետք է դրվեն այդ ընտրության հիմքում»,- նման կարծիք հայտնեց Անատոլի Ցիգանոկը:
Ռուսաստանցի ռազմական փորձագետն անդրադարձավ նաև Հայաստանում շրջանառվող կարծիքներին, թե ռուսական կողմը Հայաստան է ուղարկում ոչ այնքան կարգապահ զինծառայողներին: Նրա խոսքով` երբ զորքերի համար խմբեր են կազմվում, ընտրվում են լավագույնները:
«Հավատացեք ինձ, որ դա այդպես է: Այդպես էր նաև ԽՍՀՄ շրջանում: Որոշակի կոնտինգենտ էր ընտրվում, և ռազմաբազաներ ուղարկում էին այդ կոնտինգենտի լավագույններին: Միակ բանը, որ ռուսական կողմը պետք է անի, դա ընտրությունը խստացնելն է: Հնարավոր է՝ անհրաժեշտություն առաջանա նաև հոգեբանական հավասարակշռության վերաբերյալ ստուգումներ անցկացնել, այսինքն` որպեսզի զինծառայողն առողջ լինի ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես»,- նշեց Ցիգանոկը:
Ռուսական ռազմաբազայից հրաժարվելու մասին շրջանառվող կարծիքների վերաբերյալ նա ասաց, որ Հայաստանի հետ համագործակցությունը ռազմավարական առաջնահերթություն է Ռուսաստանի համար: «Երբ խոսում ենք Վրաստանի ու Ադրբեջանի մասին, նրանք պարզապես գործընկերներ են, իսկ Ռուսաստանի և Հայաստանի դեպքում խոսքը ռազմավարական գործընկերության մասին է, այդ գործընկերությունն անհրաժեշտ է և՛ Հայաստանին, և՛ Ռուսաստանին»,- ասաց Ցիգանոկը` ակնարկելով, որ ռազմաբազաներից հրաժարվելն անմիտ քայլ կլինի:
Հարցին, թե ռուսական կողմը չպե՞տք է արդյոք պատասխանատվություն կրի նման զինվոր ռազմաբազա ուղարկելու և նրա ծառայությանը լավագույնս չհետևելու համար, պատասխանեց, որ ամերիկյան զորքերն ունեն իրավունք նման դեպքերում սեփական երկրում «պատժվելու» համար, որի հետևանքով, ըստ Ցիգանոկի, նրանք ինչ էլ անեն, քրեական գործեր չեն հարուցվում: «Իսկ այս դեպքում հանցագործին կդատեն հայկական հողում: Սա էական տարբերություն է ռուսական և ամերիկյան բազաների միջև, որն էլ նշանակում է, որ ռուսական կողմը կրում է հասանելիք պատասխանատվությունը»,- ասաց Ցիգանոկը:
Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի սեփական տներից մեկում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը սպանել էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ 1,8 տարեկան երեխային, իսկ 6 ամսական փոքրիկը հրաշքով ողջ է մնացել: Հետախուզման մեջ գտնվող Պերմակյովը երեկ հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում: Նա այսօր ընդունել է իր մեղքը: